Կքննարկեն սփյուռքում արևմտահայերենի ուսուցման արդի վիճակը
ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010թ. հուլիսի 3-5 Ծաղկաձորում կանցկացնի «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համահայկական համաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, կառուցողական քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները:
ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Լիբանանից եւ Եգիպտոսից ժամանած արեւմտահայերենի մասնագետները կներկայացնեն Սփյուռքում արևմտահայերենի ուսուցման արդի վիճակը, ուղղագրության ուսուցման հետ կապված բարդությունները և դրանց կարգավորման խնդիրները:
Հայաստանի եւ Սփյուռքի` հայերենի դասագրքեր ստեղծող լավագույն մասնագետները երեք օր շարունակ առաջին անգամ միասնաբար կքննարկեն եւ լուծման ուղիներ կառաջադրեն ստեղծվելիք դասագրքերը հնարավորինս արդի իրավիճակին մոտեցնելու խնդրին: Հաշվի կառնվեն հատկապես Լիբանանում, Հալեպում, Սիրիայում արդեն իսկ ստեղծված դասագրքերի հեղինակների փորձը, եղած դասագրքերի առավելություններն ու թերությունները: Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարության տեղեկատվական կենտրոնը:
ArmAr.am












