Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ԱՄՆ պետքարտուղարը Երեւանում է գտնվում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում:
Հանրապետության Նախագահը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ասել է. “Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկար սպասված այցը Հայաստանի Հանրապետություն մեծ նպաստ կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, նաեւ կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության եւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը:
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Միացյալ Նահանգների Անկախության տոնի կապակցությամբ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, բարօրություն եւ հետագա բարգավաճում: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը, անձամբ Ձեզ` Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող քաղաքական, տնտեսական եւ տեխնիկական օժանդակության համար: Կուզենայի առանձնացնել հատկապես երկու հանգամանք. Միացյալ Նահանգները երկար տարիների ընթացքում իր ներդրումն է բերել ԼՂ խնդրի կարգավորման գործում: Այսօր հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը ԼՂ հիմնահարցի` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծումն է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը եւ զարգանալու: Այս իրավունքն անքակտելի է, եւ այս իրավունքի իրացման շնորհիվ է, որ այսօր աշխարհում շատ ժողովուրդներ իրենց երջանիկ են զգում: Շնորհակալ եմ այդ հարցում ձեր օժանդակության եւ ջանքերի համար: Շնորհակալ եմ նաեւ Նախագահ Օբամայի եւ Ձեր ջանքերի համար` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում: Չնայած նրան, որ թուրքերը պատրաստ չէին եւ այսօր էլ պատրաստ չեն առանց նախապայմանի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, մեզ համար չափազանց կարեւոր է զգալ Միացյալ Նահանգների վարչակազմի վերաբերմունքն այս խնդրի վերաբերյալ: Մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը խորապես շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններն ամրապնդելու հարցում: Այս հարաբերությունների բարձր մակարդակը մենք դիտարկում ենք որպես մեր երկրի տնտեսական, քաղաքական զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման համար կարեւորագույն գործոններից մեկը: Շնորհակալ եմ եւ բարով եք եկել”:
Ի պատիվ բարձրաստիճան հյուրի, Նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ընթրիք, որից հետո տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մամուլի ասուլիսը:-0-












