Դավութօղլու. «Արցախյան հիմնախնդրի պատճառով խցանվել է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ղազախստանից վերադառնալիս օդանավում զրուցել է լրագրողների հետ: Նա հանդես է եկել որոշակի պարզաբանումներով` կապված նախորդ շաբաթ իր և Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարարի գաղտնի հանդիպմանը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Դավութօղլուն կտրականապես հերքել է այն լուրերը, թե այդ հանդիպումը կայացել էր ԱՄՆ-ի պահանջով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, թե արցախյան հիմնախնդրի պատճառով խցանվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ընդգծելով, որ Ղարաբաղի հարցի լուծումն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցով նոր արագություն է հավաքել, Դավութօղլուն ասել է. «Մենք հետևում ենք այդ խնդրին: Հուսով ենք, որ այս ամռանը Կովկասյան տարածաշրջանում դրական զարգացում կլինի: Արձանագրությունները մեր տեսանկյունից դեռևս օրակարգում են, բայց անհրաժեշտ է, որ համապատասխան քաղաքական իրավիճակ (կոնյուկտուրա) լինի»:
ArmAr.am












