Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Նախագահ Ռոզա Օթունբաեւայի հետ

Հուլիս 5, 2010թ. 17:24

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության/ ԵՎՐԱԶԵՍ/ միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:

Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետության ղեկավարները բանակցություններ են վարել նեղ, ապա` ընդլայնված կազմով, որից հետո ստորագրել են նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Նիստում, մասնավորապես, անդրադարձ է եղել ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակում մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ` ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ երկրների համատեղ միջոցառումների իրականացման ծրագրին եւ կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք այլ հարցերի:

Աստանայում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Ղրղզստանի անցումային շրջանի Նախագահ Ռոզա Օթունբաեւայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է տիկին Օթունբաեւային` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Ղրղզստանի նորանշանակ Նախագահը ներկայացրել է իր երկրում ստեղծված քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ երկրի ժողովրդավարացման ուղղությամբ ժամանակավոր կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերը:

Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, Նախագահ Սերժ Սարգսյանն Աստանայում երեկոյան կմասնակցի նաեւ Մայրաքաղաքի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին կվերադառնա Երեւան:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն