Շուշիում կցուցադրվի միջազգային փառատոնի ֆիլմերի ընտրանին
ուլիսի 7-9-ը Շուշիի երկու կինոդահլիճներում` Նարեկացի արվեստի կենտրոնում և «Երևան» կինոդահլիճում, կցուցադրվի ՌեԱնիմանիա 2009 անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրված ֆիլմերի ընտրանին, ֆիլմեր, որոնք հանդիսատեսի և ժյուրիի ամենաբարձր գնահատականին էին արժանացել Երևանում:
Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի մշակութային կյանքում այս կարևորագույն իրադարձությունը, որն իրականացվում է ՀՀ և ԼՂՀ Մշակույթի նախարարությունների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, ՌեԱնիմանիայի ջանքերով նպատակ ունի ոչ միայն տեղի արվեստասեր հասարակությանը ներկայացնել անիմացիայի ժամանակակից վարպետների ստեղծագործությունները, այլև հետահայաց ցուցադրությունների միջոցով հայ անիմացիայի գլուխգործոցներին ծանոթացնել:
Քանի որ ՌեԱնիմանիան ի սկզբանե նպատակ ուներ տարածաշրջանային` մասնավորապես հայկական անիմացիան վերածնել և տարածել, կարևոր էր նաև Արցախում ՌեԱնիմանիայի նկատմամբ հետաքրքության առաջացումը, նաև տեղի երիտասարդներին անիմացիայի` արվեստի այս ժամանակակից և արագ զարգացող ուղղությանը ծանոթացնելը: Ու թեև այսօր արցախցի անիմատորներին, նրանց աշխատանքներին ծանոթ չենք, ՌեԱնիմանիան համոզված է, որ առաջիկայում մենք կհայտնաբերենք և կներկայացնենք նրանց և իրենց աշխատանքները:
«Թե այս ցուցադրումները, թե մեր հանդիպումները Արցախում ուղղված են նրան, որ Արցախը ներկայություն ունենա ՌեԱնիմանիայում: Բայց եթե այս տարի փառատոնում չլինեն ֆիլմեր Արցախից, մեր հիմնական նպատակն այն է, որ 2011-2012 թվականներին մենք արդեն ունենանք այնտեղից անիմատորներ` ծնված ՌեԱնիմանիայի աջակցությամբ»,- մեկնաբանում է ՌեԱնիմանիայի հիմադիր-տնօրեն Վրէժ Քասունին:
«Արցախում կան շատ լավ երիտասարդներ, ընդհանրապես Արցախում շատ լավ նկարչության դպրոց կա, որն անիմացիայի համար շատ լավ հիմք է: Իսկ տեխնիկական հարցերը, կամ այնտեղի արվեստագետների իմացածն այլ արվեստի մեջ կիրառելը կամ ներդնելը, բնականաբար, որոշակիորեն ՌեԱնիմանիա փառատոնի գործառույթների մեջ է մտնում»,- ամփոփում է Րաֆֆի Մովսիսյանը:
Նշենք, որ ReAnimania անիմացիոն կինոփառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ: ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնը հայ անիմացիոն արվեստը վերածնելու, նաև հայ ժամանակակից անիմացիան միջազգային շուկա ու համաշխարհային ասպարեզ դուրս բերելու առաքելություն ունի:
2009-ի հոկտեմբերին չորս լեցուն օրերի ընթացքում ավելի քան 4000 հանդիսատեսի ներկայացվեցին 15 ծրագիր, ցուցադրվեցին ֆիլմեր աշխարհի 36 երկրներից, հյուրընկալվեցին աշխարհահռչակ անիմատորներ ու պրոդյուսերներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շոտլանդիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Սիրիայից և այլ երկրներից:












