Արցախում պատերզմի հնարավորության մասին
Ես համաձայն եմ բազմիցս արտահայտված այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիեւի քաղաքականությունը առավելապես պայմանավորված է ներքին գործոններով: Իլհամը, ինչպես նրա հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թվին, որոնց համար միակ սրբությունն իշխանությունն է` այդ կարգավիճակից ածանցվող հսկայական գումարներ գրպանելու հնարավորությամբ: Հետեւաբար, այդ տեսանկյունից էլ պետք է քննենք Արցախի ճակատում Ալիեւի կողմից պատերազմ սանձազերծելու հնարավորությունը: Յուրաքանչյուր պատերազմ լուրջ եւ անկանխատեսելի հետեւանքներ է պարունակում ցանկացած իշխանության համար: Իլհամ Ալիեւը, կարծում եմ, չի մոռացել, որ Ադրբեջանում իշխանափոխությունները միշտ էլ տեղի են ունեցել Արցախում կրած ռազմական պարտությունների պատճառով: Արդյո՞ք ներկայումս Ալիեւն ունի պատերազմում հայկական կողմին ջախջախիչ պարտության մատնելու երաշխիք: Համոզված եմ, որ ոչ: Ավելին, հավանականությունը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստներ կունենա շատ ավելի մեծ է: Փորձենք նաեւ հասկանալ` ի՞նչ գին է վճարելու Ադրբեջանը Արցախի ճակատում ենթադրյալ հաղթանակի դեպքում: Եթե մինչեւիսկ պատկերացնենք անհնարինը` ասենք ադրբեջանական զինուժին հաջողվի ոչնչացնել հայկական բանակը (անհնարին մի բան պաշտպանական դիրքերում գտնվող բանակի դեպքում) եւ տեղահանել արցախաբնակ ողջ հայությանը (իրողություն է, որ այս պատերազմը ոչ միայն բանակների միջեւ է, այլեւ ժողովուրդների), ի՞նչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը: Ի լրումն տասնյակ հազարավոր նոր զոհերին, Ադրբեջանը հայտնվելու է տնտեսական բացարձակ կործանման եզրին: Ադրբեջանը որպես պետություն այսօր գոյատեւում է զուտ նավթի եւ գազի արտահանման շնորհիվ: Դրանց գումարներով է, որ այսօր Ադրբեջանը զինվում է եւ պարբերաբար հոխորտում է Արցախի եւ Հայաստանի դեմ: Այսինքն, նավթահանքերը, նավթամուղերը, գազատարները եւ նման այլ ենթակառույցները, ռազմական նշանակության օբյեկներ են, հետեւաբար միանգամայն օրինական թիրախներ: Միթե՞ պարզ չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերի ընթացքում դրանցից միայն ծխացող մետաղակույտեր կմնան: Պետք է նաեւ ընդգծել, որ Ադրբեջանը չի կարող ձեռնարկել համարժեք քայլեր, քանի որ Հայաստանի տնտեսությունն իր բոլոր թերություններով հանդերձ, անհամեմատ պակաս խոցելի է, քանի որ մենք չունենք 2-3 օբյեկտ, որոնց ոչնչացումը կհանգեցնի արտահանության, հետեւաբար բուն եկամուտի, 90% -ի ոչնչացմանը: Բացի այդ, Ալիեւը ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ արտասահմանյան այն բոլոր ընկերությունների առջեւ է պատասխանատվություն կրում, որոնք հսկայական ներդրումներ են կատարել վերոնշյալ ոլորտում եւ որոնցից շատերը դեռեւս հետ չեն բերել իրենց ներդրած գումարները: Ալիեւի ինչի՞ն է պետք պատերազմը: Բաքվի էմիրն իր համար նստած կթում է մի ողջ երկրի ընդերքը եւ նույն այդ երկրի ժողովրդի մեծ մասին, որն է այդ երկրի հսկայական հարստության իրավական սեփականատերը, պահում է հետին աղքատության մեջ: Մոլագար հայատյացությունը Ալիեւին պետք է գողացած իշխանությունը պահելու եւ գողոնը պահպանելու համար:Արա ՊԱՊՅԱՆ
Քանի որ Ալիեւը գող է, որովհետեւ իշխանության գողն էլ գողն է, ապա նրա սիրտը միշտ էլ դող է: Հետեւաբար, պատերազմը խիստ անհավանական համարելով հանդերձ, լիովին այն չեմ բացառում: Լարված իրավիճակում պատերազմները կարող են ծագել նաեւ ինքնաբերաբար: Սակայն որպես մտածված քաղաքականություն կարծում եմ, որ Ալիեւը միայն մի դեպքում կգնա արկածախնդրության (ուրիշ բառով դա հնարավոր չէ կոչել), երբ Ալիեւի դիրքերն Ադրբեջանում այնքան թուլացած լինեն, որ կասկածի տակ դրվի կեղծիքի եւ խաբեության ճանապարհով հերթական անգամ իշխանությունը զավթելու Ալիեւի հնարավորությունը: Այսինքն, Բաքվի էմիրությունում բոլոր քաղաքական զարգացումները պետք է դիտարկել Ալիեւների հարստությունը (այս բառի երկու իմաստով) պահպանելու տեսանկյունից: Երբ պատերազմը Իլհամ Ալիեւի համար դառնա իշխանությունը պահելու միակ ճանապարհը, նա կգնա դրան: Սակայն քանի որ ներկայումս Ադրբեջանում գրեթե իսպառ բացակայում է որեւէ ընդդիմություն, ապա չեմ կարծում, որ էմիրը որեւէ մեկից դյուզն իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիեւն ինքը շահագրգռված չէ ադրբեջանական բանակի ոԲչ հաղթանակով եւ ոԲչ էլ պարտությամբ: Արեւելքում չեն ներում պարտված էմիրներին, միեւնույն ժամանակ Արեւելքում ոչինչ այնքան վտանգավոր չէ բռնակալի համար, որքան հաղթանակ տեսած բանակի զինվորն ու զորավարը:
Արա ՊԱՊՅԱՆ












