Ադրբեջանը չունի կամք կատարելու ԵԱՀԿ պարտավորությունները
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի հետաքննող լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի ազատազրկման ժամկետը 2.5 տարով ավելացնելը: Այդ մասին տեղեկացնում է ԵԱՀԿ լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ լրագրողի ազատազրկման ժամկետի ավելացման մասին դաավճիռը Գարադագի շրջանային դատարանը հրապարակել էր նախօրեին տեղի ունեցած դատական նիստում:
«Ես խորապես հիասթափված եմ, որ լրագրողի ազատազրկման ժամկետը երկարաձգվեց, ինչը հերթական քայլն է Ադրբեջանում ազատ մամուլի դեմ», – ասել է Միյատովիչը:
Դեռևս 2007-ին, «Խոջալուի դեպքերի վերաբերյալ զրպարտություններ կատարելու» մեղադրանքով, Ֆաթուլաևը Յասամալի շրջանային դատարանի կողմից դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման: Սակայն հետագայում իշխանությունները դրանով չէին սահամանփակվել և ևս մեկ շինծու մեղադրանքի հիման վրա դատապարտել նրան 8.5 տարվա ազատազրկման:
Սակայն, 2010 թվականի ապրիլի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում ընդունեց, որի համաձայն՝ ադրբեջանական դատարանների գործողությունները համարվեցին անօրինական: Ինչից հետո, դատարանը կոչ արեց լրագրողին անհապաղ ազատ արձակել: ՄԻԵԴ-ի կողմից ադրբեջանական իշխանություններին տրված է որոշումը կատարելու համար վերջնաժամկետ, որը լրանում է հուլիսի 22-ին:
Միյատովիչը մտահոգիչ է համարել, որ անգամ ՄԻԵԴ-ի որոշումից հետո այդ երկրի դատական իշխանությունները լրագրողի ազատազրկման ժամկետն ավելացնելու մասին որոշում են կայացրել:
ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել նաև նախորդ տարի ադրբեջանցի երկու բլոգերների ազատազրկման մեջ մնալու կապակցությամբ: Նկատենք, որ Էմին Աբդուլաևը դատապարտվել է 2, իսկ մյուս բլոգեր Ադնան Հասիզադեն` 2,5 տարի ազատազրկման:
«Հունիսի 15-ին ես նամակ եմ գրել նախագահ Իլհամ Ալիևին և կոչ արել ադրբեջանական իշխանություններին երաշխիքներ տրամադրել, որ Ֆաթուլաևը և երկու բլոգերները ազատ կարձակվեն», ասել է Միյատովիչը և հավելել. «Ճաղավանդակի հետևում ազատ ու անկախ լրագրողներին պահելով, Ադրբեջանը ցույց է տալիս, որ չունի կամք կատարելու ԵԱՀԿ առջև ստանձնած մամուլի ազատության պարտավորությունները»:
ArmAr.am












