ՄԻ պաշտպանը ներկայացրել է «Խոսքի ազատության իրավունքը» զեկույցը
“Այս արտահերթ զեկույցից հեղափոխական արդյունք չեմ կանխատեսում, բայց հույս ունեմ, որ շահագրգիռ քննարկման պատճառ կդառնա, պառլամենտական լսումներ կկազմակերպվեն, օրենքների փոփոխություններ կլինեն”, “Խոսքի ազատության իրավունքը ՀՀ-ում” արտահերթ հրապարակային զեկույցն այսպես գնահատեց ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Հինգ գլխից բաղկացած արտահերթ զեկույցում հետազոտվել են խոսքի ազատության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, անդրադարձ է կատարվել օրենսդրության մեջ տեղ գտած հակասություններին ու բացերին, ինչպես նաև խոսքի ազատության վիճակը վատթարացնող դրույթներին: Զեկույցում կոնկրետ օրինակներով ցույց են տրվում վերջին տարիներին լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերը, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ից 20-օրյա ժամկետում հայտարարված արտակարգ դրության ընթացքում մի շարք թերթերի տպագրման սահմանափակումները:
“Մանրամասն վերլուծվել է գրաքննության երևույթը, օրինակ որ որոշ թերթերի տպագրումը խոչնդոտվում էր հենց տպարանում կամ էլ թերթի խմբաքանակը գնվում էր կրպակից ու անհետանում”, մի քանի մանրամասներ ներկայացրեց զեկույցից օմբուդսմենը:
Հարությունյանի կարծիքով` պետք է ուշադիր լինել, որ մարդու իրավունքի զարգացման տենդենցը ճիշտ ուղղությամբ գնա. “չեմ կարծում, որ մեկ արտահերթ զեկույցով կարող ենք շատ բան փոխել, քանի որ նախ զեկույցի խնդիրը ընդհանուր խնդիրների բարձրաձայնումն է և որ իրավունքը մշակույթ է, ու շատ բան կախված է անձից, ոչ թե համակարգից”: Մեկնաբանելով իր խոքը` նա ավելացրեց, որ, օրինակ, եթե նախարարը ցանկություն չի հայտնում կամ խոչնդոտում է տեղեկատվության տրամադրումը, ապա դա ավելի շատ անձի գիտակցման խնդիր է, քան համակարգի:
Պաշտպանի խոսքով, լրագրողների խոսքի ազատության սահմանափակումները շատ դեպքերում ունեն քաղաքական ենթատեքստ: “Դրա մասին է խոսում այն փաստը, որ խախտումների մեծ մասը արձանագրվում է նախընտրական քարոզչության կամ հենց ընտրության փուլում այս կամ այն թեկնածուի կամ նրա ներկայացուցչի կողմից, և շատ հաճախ ընտրողի ձայնը շահելու համար թեկնածուն դիմում է ծայրահեղ քայլերի”, գրված է զեկույցում:
Նա տեղեկացրեց նաև, որ հուլիսի 9-ին զեկույցը կքննարկվի փորձագետների կողմից:












