Ռոբերտ Բրադտկե. «Կարևոր խնդիր է վեց տարրերը Հելսինկյան սկզբունքների հետ համաձայնեցնելը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, ասել է, թե` ապահովվել է որոշակի առաջընթաց։ «Կողմերը համաձայն են, որ լուծումը պետք է հիմնվի Հելսինկյան սկզբունքների վրա։ Կողմերն ընդունում են վեց տարրերը, որոնք երկու անգամ ներկայացրել են ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները։ Դրանք Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր և վերջնական կարգավիճակներն են, զբաղեցված տարածքների վերադարձը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ միջանցքը, փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները»։
Նա հավելել է, որ այժմ կարևոր խնդիր է այս վեց տարրերը Հելսինկյան սկզբունքների հետ համաձայնեցնելը. «Հետո դրանք կարտացոլենք շրջանակային համաձայնության մեջ և արդեն դրա հիման վրա կկառուցենք կարգավորման ուղղությամբ վերջնական բանակցությունները։ Ուզում եմ նշել, որ մենք այժմ գտնվում ենք բանակցային գործընթացի կարևորագույն փուլում»,- ասել է Ռոբերտ Բրադտկեն։
Բրադկեն նաև նշել է, որ գլխավոր խնդիրը նախագահների հազվադեպ հանդիպումներն են։ «Նախագահներից մեկը մեզ ասում է, որ ինքը խաղաղություն է ուզում, իսկ մյուս կողմը դա չի ուզում, հետո այդ նույն բանը մենք լսում ենք հակառակ կողմից»,- ասել է Բրադտկեն, հավելելով, որ նախագահները նման չեն միմյանց: Նա նաև նշել է, որ ինքը մշտապես մտածում է, թե որն է լինելու հաջորդ քայլը. «Համանախագահի դերն այն է, որ մտածի, թե ինչպես առաջ տանի գործընթացը։ Դա նման է հեծանիվի. եթե կանգնես, անպայման կընկնես»։
ArmAr.am
Թեգեր` Լեռնային Ղարաբաղ, Հելսինկյան սկզբունքներ, Ռոբերտ Բրադտկե












