Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվել է «Ժառանգության» վարչության նախագահ
Հուլիսի 10-ին «Ժառանգություն» կուսակցության 6-րդ արտահերթ համագումարում քվերակությամբ ընդունվել են «Ժառանգության» վարչության և Ազգային ժողովի համանուն խմբակցության հաշվետվությունները:
Համագումարի 350 պատվիրակները միաձայն ընդունել են «Ուղեգիծ «Ժառանգության». Հայաստանի և հայ ժողովրդի բանաձևը» ուղեցույց-հռչակագիրը։
«Ժառանգություն» կուսակցության նոր վարչության անդամներ են ընտրվել հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Անահիտ Ուզունյանը, տնտեսագետ Արտեմ Հովհաննիսյանը, իրավաբան Դավիթ Սանասարյանը, հրապարակախոս-վերլուծաբան, նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը, խմբագիր Հրաչյա Մկրտչյանը, քաղաքագետ, նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, ծրագրավորող Սարգիս Ափիկյանը, տնտեսագետ-ինժեներ Սուսաննա Բարխուդարյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Վարդգես Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ի պաշտոնե միանում է վարչությանը:
Համագումարի ավարտին վարչությունը գումարել է իր անդրանիկ նիստը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվել է նախագահ, Ռուբեն Հակոբյանը’ փոխնախագահ, իսկ Կարինե Հակոբյանը’ քարտուղար:












