Սփյուռքահայ ուսուցիչները հայրենիքում
Այսօր մեկնարկեց սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագիրը, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Բացմանը ներկա էին ոլորտի մասնագետներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Բացման խոսքում նախարար Ա. Աշոտյանը հավաստիացրեց, որ նախարարությունն ամեն ինչ անում է, որ Սփյուռքի հետ կապն ավելի ամրանա: Նա նշեց, որ նախորդ տարվա իր խոստումը` կապված համացանցում Այբբենարան և Ընթերցարան ունենալու հետ, որոշ տեխնիկական կետերով արդեն իրագործվել է: Ըստ այդմ, համացանցն հնարավորություն կտա Սփյուռքում աշխատող ուսուցիչներին չսպասել հայրենիքից ուղարկված գրքերին, ինչն ավելի ռացիոնալ աշխատելու հնարավորություն կտա:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2000 թ-ից սկսած կազմակերպում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, որը սփյուռքահայ ուսուցիչներին հնարավորություն է տալիս ոչ միայն լինել Հայաստանում և վերապատրաստվել համալիր ծրագրով, այլև հանդիպումներ ունենալ հասարակական ու քաղաքական գործիչների հետ, այցելել պատմաճարտարապետական հուշարձաններ` կապ հաստատելով տարբեր բնագավառներում հայաստանյան մասնագետների հետ:
Տեղեկացնենք, որ այս տարի ծրագրին մասնակցում է 83 ուսուցիչ` 16 երկրից:
ArmAr.am












