Մինչ օրս «Ղարաբաղ Տելեկոմը» 38 մլն դոլար է ներդրել Արցախում
Այսօր ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում հրավիրվեց վարչապետ Արա Հարությունյանի և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը` նվիրված Արցախում կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն ու դրան ուղղված պետական քաղաքականությանը: Վարչապետը, նախ, շնորհակալություն հայտնեց Ռալֆ Եիրիկյանին տասը տարվա ընթացքում ընկերության կողմից հանրապետությունում կատարված աշխատանքի համար: Անդրադառնալով ոլորտի զարգացմանն ըստ փուլերի՝ կառավարության ղեկավարը նշեց, որ և’ խորհրդային, և’ առավել ևս պատերազմական և հետպատերազմյան տարիներին բնագավառում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց աստիճանական վերացմանը նպաստել է 2002 թվականին «Ղարաբաղ Տելեկոմի» մուտքը Արցախ: Կառավարության և ընկերության միջև ստորագրված պայմանագրով ընկերությունը պարտավորություն էր վերցրել ոլորտի զարգացման նպատակով խոշոր ներդրումներ կատարել Արցախում, ինչը չճանաճված երկրի համար ողջունելի էր: Մինչ օրս «Ղարաբաղ Տելեկոմը» 38 մլն դոլար է ներդրել կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը, իսկ ֆիքսված հեռախոսակապի արդիականացման ծրագրերը դեռ շարունակվում են: Ընկերության կողմից առողջապահական և բարեգործական տարբեր ծրագրեր են կյանքի կոչվել, ինչը Ռ.Եիրիկյանը բնական է համարում այն նկատառմամբ, որ հասարակությանը մատուցած ծառայությունների դիմաց արված գանձումների մի մասը պետք է ուղղել այդ հանրության բարօրությանը:
Ժամանակակից չափանիշներին հասնելու համար, սակայն, անելիքներ դեռ շատ կան: Այդ են վկայում նաև վերջերս հանրության կողմից հնչեցված դժգոհությունները ընկերության մատուցած ծառայությունների, մասնավորապես ինտերնետ կապի ցածր որակի, բջջային հեռախոսակապի սակագների և այլնի առումով: Արա Հարոթւյունյանը նշեց, որ Ռալֆ Եիրիկյանի հետ վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային և համացանց կապի դիմաց սակագների վերանայման վերաբերյալ:
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Եիրիկյանը ամփոփելով կապի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ընկերության մտադրությունները` նշեց, որ նախատեսվում է բարելավել քաղաքային կապը, լարայինից անցնել ոչ լարային կապի, արդիականացնել ընկերության սարքավորումները, ստեղծել նոր կայաններ: Ռ. Եիրիկյանը կարևորում է հատկապես մանրաթելային հաղորդակցության իրագործումը, ինչը հնարավորություն է տալու որակյալ կապ ապահովել Հայաստանի հետ, ունենալ էժան և արագ համացանց: Սակագնային նոր քաղաքականության արդյունքում Արցախը կդառնա մրցունակ և մրցակից Հայաստանի դաշտում: Նրա խոսքերով` սակագնի կտրուկ իջեցումները բացասաբար են ազդելու սպասարկման որակի վրա: Սակայն առաջիկա չորս ամիսների ընթացքում, Ռ.Եիրիկյանի հավաստմամբ` շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն: Դրան զուգահեռ կշարունակվեն ընկերության աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն ու բարեգործությունները: Ի պատասխան համացանցում վերջերս հայտնված իր անձը զրպարտող տեղեկատվությանը, ՙՂարաբաղ Տելեկոմի՚ գլխավոր տնօրենը հայտարարեց, որ ինքը կողմնակից է կառուցողական, այլ ոչ թե վիրավորական քննադատությանը:
Լրագրողների հարցերին պատասխանելով` Ռ. Եիրիկյանը նշեց, որ ԼՂՀ կառավարության հետ ընկերության կնքած պայմանագրի հետ ինքը կապ չունի, պայմանագրի ստորագրման մյուս կողմը ապահովել է բաժնետերը: Իր հերթին կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ընկերության բաժնետիրոջ և գործադիր տնօրենի հետ վերջին հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններով պայմանագրի կատարման նոր փուլ է սկսվում, ինչից միայն դրական ակնկալիքներ կան:
Պատասխանելով լրագրողների բազմապիսի հարցերին` Ռ. Եիրիկյանը խոստացավ հաճախակի հանդիպել Արցախի լրագրողների հետ և պարզաբանել նրանց հուզող հարցերը: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Կառավարության լրատվական ծառայությունը:
ArmAr.am












