Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր

Հուլիս 13, 2010թ. 12:24

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել: Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի` օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Արմավիրում գործող շինանյութի ապօրինի արտադրամաս:

Պարզվել է, որ մարզի Ոսկեհատ գյուղում գործող ապօրինի արտադրամասում պեմզաբլոկ է արտադրել Էջմիածնի բնակիչ Պ. Պետրոսյանը: Վերջինս խոստովանել է, որ տվյալ գործունեությամբ զբաղվել է այս տարվա ապրիլից` հաշվառված չլինելով պետ. ռեգիստրում և հարկային մարմիններում:

Ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն ապօրինի մեկ այլ արտադրամաս էլ հայտնաբերել են Շենգավիթում: Այս դեպքում խոսքը մետաղյա ցանցի պատրաստման մասին է: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր մայրաքաղաքի բնակիչ Բ.Խորշիկյանը: Թեև նա հայտնել է, թե արտադրամասը գործել է ընդամենը մի քանի ամիս, սակայն, ըստ օպերատիվ տեղեկությունների, արտադրամասում մետաղյա ցանցեր են պատրաստվել մեկ տարուց ավելի:
Շենգավիթում նաև եվրոպատուհանների և դռների արտադրամաս է հայտնաբերվել. ապօրինի ձեռնարկատիրությամբ զվաղվել էր նույն համայնքի բնակիչ Գ. Վարդանյանը: Հարկային մարմինների ստուգայցի պահին արտադրամասում եղել է հինգ աշխատակից:

Մյուս հայտնաբերումն էլ կատարվել է Կոտայքում. Ջրվեժի անասնագոմերի տարածքում սառնարանների վերանորոգմամբ է զբաղվել գյուղի բնակիչ Ի. Ղալեչյանը` գրանցված չլինելով հարկայինում: ՕՀՎ աշխատակիցների այցելության պահին արտադրամասը գործել է, որտեղ, եղել է երկու աշխատակից: Ղալեչյանը հայտնել է, որ արտադրամասն այդ կարգավիճակով գործել է շուրջ մեկ տարի:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն