Արթուր Բաղդասարյան.«Պետք է ապահովել աշխատանքի թափանցիկության առավել բարձր աստիճան»
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեությունը գնահատող թիմի ղեկավար Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը:
Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման գործում ԵՄ խորհրդատվական խմբի` Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
«Որպեսզի խորհրդատվական խմբի աշխատանքն առավել արդյունավետ լինի, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խմբի աշխատանքը, ապահովել աշխատանքի թափանցիկության առավել բարձր աստիճան»,-ասել է Արթուր Բաղդասարյանը` կարեւորելով այն հանգամանքը, որ Հայաստանում ներդրված փորձը շուտով կիրականացվի նաեւ այլ երկրներում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Իան Գրանդն ընդունել է Արթուր Բաղդասարյանի առաջարկը, որ Հայաստանը պետք է ոչ միայն խորհրդատուին ընտրելու իրավունք ունենա, այլ նաեւ` կարողանա գնահատել նրա աշխատանքի արդյունավետությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր:












