Նաիրա Զոհրաբյանը ծիծաղելի վիճակի մեջ է դրել Մոլազադեին
Խոսելով Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության ծրագրին նվիրված մեծ խորհրդաժողովի մասին, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ասել է, թե ադրբեջանական պատվիրակությունը համաժողովը հերթական անգամ օգտագործեց իբրև հարթակ` խեղաթյուրելու իրականությունը:
Ն.Զոհրաբյանը նկատել է, թե արձանագրվել է նաև հայ-ադրբեջանական միջադեպ` նույն Մոլազադեի մասնակցությամբ. «Վերջինս կոնֆերանսի ողջ ընթացքում փորձեց խեղաթյուրել, նույն երգը երգելով` 20 տոկոս «գրավյալ» տարածքների, 1 մլն փախստականների և այլնի մասին»: Պատգամավոր Զոհրաբյանը թույլ չի տվել, որ Մոլազադեն շարունակի իր հեքիաթները.«Ինչպես ասված է հայտնի ասացվածքում` արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին: Ադրբեջանցիները ցանկացած համաժողով, հավաք ու միջազգային հարթակ փորձում են օգտագործել այդ երգը երգելու համար, ինչն անթույլատրելի է և ես չեմ պատրաստվում լռել»:
Համաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ադրբեջանցին դիմել է Ն. Զոհրաբյանին, թե` ի՞նչ կասի նա 20 տոկոս «գրավյալ» տարածքների մասին և «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մասին». «Ինձ հայտնի է միայն մեկ օկուպացիա, այն է` Ադրբեջանի կողմից ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու օկուպացիան, որի մասին էլ հնչեցրի ասուլիսում»,- տեղեկացրել է Ն. Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ, Մոլազադեն նույնիսկ ծիծաղելի վիճակում է հայտնվել, ասելով, թե Ադրբեջանը միշտ առաջարկում է խաղաղություն, և իրենք են խաղաղ բանակցությունների կողմնակից, բայց Հայաստանն այն մերժում է: Ն. Զոհրաբյանը խորհուրդ է տվել բոլոր ներկաներին ընթերցել Իլհամ Ալիևի վերջին 6 էջանոց ելույթը, որում Ադրբեջանի նախագահը 18 անգամ շեշտում է, թե իրենք` «Ադրբեջանը կնվաճեն պատերազմի միջոցով». «Գուցե ավելորդ էր միջազգային հանրությանը հուշել, որ այդ ելույթն ադրբեջանցիների խաղաղության յուրովի մեկնաբանությունն է, և թե ինչպե՞ս է Ադրբեջանը պատկերացնում խաղաղություն ասվածը»,- ավելացրել է պատգամավորը:












