Դինքի սպանության գործով հերթական դատալսումը
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործով կայացել են հերթական դատական լսումները: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ գործով անցնող 20 կասկածյալներից մեկը` թուրքական ոստիկանության աշխատակից Ջավիթ Քըլըչը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել: Քըլըչը նշել է, որ Դինքի սպանության օրն Օգյուն Սամասթը եկել է այն ինտերնետ-սրճարանը, որը տնօրինում էր ինքը, 2,5 կես ժամ մնացել այնտեղ և այդ ընթացքում ինչ-որ բաներ գրել: Սրճարանը գտնվել է Պոլսի Շիշլի թաղամասում` «Ակօսի» խմբագրատնից 50 մետր հեռավորության վրա: Թուրք ոստիկանը նաև հավելել է, որ 2,5 կես ժամ մնալուց հետո Սամասթը դուրս է եկել և որոշ ժամանակ անց կրակոցներ է լսել, ինչպես նաև մեկը մի քանի անգամ բարձր գոռացել է «Ես սպանել եմ մեկին», սակայն ինքը, դուրս գալով փողոց, տեսել է միայն մայթեզրին ընկած Դինքի մարմինը, իսկ գոռացողն արդեն փախած է եղել:
Ավելի վաղ Քըլըչը այցելել էր «Ակօսի» խմբագրատուն` թերթում հայտարարություն տեղադրելու նպատակով, ուր և հանդիպել էր Դինքին:
Ավելի ուշ թուրք ոստիկանը սրճարանի վրա` ի պատասխան «Բոլորս հայ ենք» արշավի, տեղադրել էր` «Բոլորս թուրք ենք»: Հետո ասել, թե.«Սպանությունից հետո «Բոլորս հայ ենք» արշավի մասնակիցները քարկոցեցին մեր սրճարանը, այդ պատճառով էլ նման բան գրեցի»,-դատալսման ժամանակ արդարացրել իր արարքը Քըլըչը:
Դինք ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը գլխավոր կասկածյալ Օգյուն Սամասթին հարցրել է, թե սրճարանում նա ում էր գրում. մարդասպանը պատասխանել է. «Չեմ հիշում»:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև հրազենից արձակված կրակից զոհված Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Էրհան Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը
ArmAr.am












