Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն

Գերմանիայի Բունդեսթագում խոսվել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին

Հուլիս 14, 2010թ. 10:07

Germania-BundestagՀուլիսի 7-ին Բեռլինում, Արտաքին քաղաքականության գերմանական միությունում (DGAP) տեղի ունեցավ «ԵՄ և ԳԴՀ արևելյան քաղաքականության նոր իմպուլսները Հարավային Կովկասում» թեմայով քննարկում:

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ներկայացրեց Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները, տարածաշրջանում ԵՄ և ԳԴՀ հնարավոր քայլերն ու անելիքները, արցախյան հիմնահարցի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Նույն օրը Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցավ «Հումքի մատակարարման ապահովումը Գերմանիայի և Եվրոպայի համար» (Securing Germany’s and Europe’s supply of raw materials) խորագրով միջազգային կոնֆերանսը` կազմակերպված ԳԴՀ իշխող ՔԴԿ/ՔՍՄ պատգամավորական խմբակցության կողմից: Զեկուցողների թվում էին ՔԴԿ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Ֆոլկեր Կաուդերը, ՔԴԿ արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ֆիլիպ Միսֆելդերը, ԳԴՀ Բունդեսթագի այլ պատգամավորներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև դիվանագետներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, լրագրողներ և գործարարներ:

Քննարկմանը իր մեկնաբանություններով հանդես եկավ Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ հումքի կայուն մատակարարումը ենթադրում է ոչ միայն հումքի առկայություն այս կամ այն երկրում, այլ նաև դրա` դեպի Եվրոպա կայուն արտահանման հնարավորությունները, ինչը հատկապես կարևոր է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը: Այս կապակցությամբ նշվեց միջազգային իրավունքից բխող տարանցիկ երկրների պարտականությունն` ապահովելու նյութերի անարգել արտահանումը և ներմուծումը դեպի ծով ելք չունեցող երկրներ: Այնուհետև դեսպանը ներկայացրեց ՀՀ-ում «Քրոնիմետ» գերմանական ձեռնարկության գործունեությունը, որը Եվրոպայում մոլիբդենի հիմնական մատակարարողներից է:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ Թուրքիայի կողմից գրեթե երկու տասնամյակ շարունակվող Հայաստանի ցամաքային շրջափակումը բացասաբար է ազդում մոլիբդենի կանոնավոր մատակարարումների վրա, հատկապես այն դեպքում, երբ Վրաստանում տեղի են ունենում կոմունիկացիոն պրոբլեմներ: Մեջբերելով Համաշխարհային բանկի վերլուծական տվյալները` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրականացվող շրջափակումը նաև պատճառ է հումքի ճանապարհային փոխադրումների գների բարձրացման, ինչը բացասաբար է ազդում գերմանական արդյունաբերության մրցունակության վրա: Շրջափակման վերացումից կշահեն ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ նաև Եվրոպայի գործարարները, նշեց դեսպան Մարտիրոսյանը


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն