Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը ԵԽ
Հուլիսի 13-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Եվրոպական խորհրդարան:
ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում: Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Հարգելի պարոն Ալբերտինի,
Եվրախորհրդարանի հարգելի պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք, առաջին հերթին, ողջունել Ձեզ, Եվրոպական խորհրդարանի բոլոր անդամներին և շնորհակալություն հայտնել Ձեր հրավերի և ջերմ ընդունելության համար: Հայկական կողմը նույնպես կարևորում է հանդիպման նման ֆորմատը, հաշվի առնելով հանձնաժողովի դերակատարությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին քաղաքականությանը վերաբերող դիրքորոշումների ձևավորման մեջ: Հուսով եմ, որ շահագրգիռ քննարկումների արդյունքում մենք երկուստեք հնարավորություն կունենանք հանգամանալից քննարկել փոխշահավետ համագործակցության հեռանկարները:
Այսօր ես պատիվ ունեմ Ձեր առջև ներկայացնել իմ երկիրը` Հայաստանն այս գեղեցիկ Պալատում, որը լավագույնս է խորհրդանշում եվրոպական արժեքները: Այն արժեքները, որոնք հայ ժողովուրդը փայփայել է իր գոյատևման 3000 տարիների ընթացքում և որոնց շնորհիվ հաղթահարել մեր ազգի առաջ ծառացած բոլոր արհավիրքներն ու բնածին աղետները, ներառյալ իր պատմության մեջ ամենադաժան և ամենաողբերգական էջը` 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:
Պատմությունը վկայում է, որ եվրոպական երկրները և հայ ազգը համագործակցել են միմյանց հետ դարեր շարունակ և մեզ համախմբել են նույն արժեքները, որոնք ընկած են եվրոպական ներկայիս գաղափարախոսության հիմքում: Ես հպարտ եմ, որ այդ նույն գաղափարախոսության և համոզմունքների վրա հենված հայ ժողովուրդը 1991 թ. վերականգնեց իր անկախ պետականությունը: Անկախության գինը հայ ժողովրդի համար միշտ շատ բարձր է եղել, բայց մենք երբեք չենք խուսափել այն վճարելուց: Եվ այս պատմական և մշակութային համատեքստում է, որ բացատրվում է Հայաստանի` եվրաինտեգրման ուղղությամբ, Եվրամիության հետ սերտ հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը: Այո, երկար ճանապարհ ունենք հաղթահարելու, բայց մենք վճռական ենք հասնելու արդարության, ժողովրդավարության, համերաշխության, կայունության և տարածաշրջանային համագործակցության հաստատման:
Հայաստանն իր դավանած արժեքներով ու ձգտումներով Եվրոպայի անբաժան մաս է կազմում: Եվրոպայի հետ ընդհանրությունը պայմանավորված է ոչ միայն պատմական, լեզվամշակութային և գաղափարական գործոններով, այլև եվրոպական երկրներում ապրող բազմաթիվ հայ համայնքների առկայությամբ: Եվրամիության երկրների և Հայաստանի հասարակությունների միջև անմիջական շփումներն իրական գործընկերային հարաբերությունների հաստատման լավ նախադրյալներ կարող են ստեղծել տարբեր ոլորտներում: Այս առումով Հայաստանը կարևորում է իր երկրի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցմանն ուղղված գործընթացը: Քաջատեղյակ լինելով այս հարցի նրբություններին, մասնավորապես Եվրամիության մի շարք երկրներում անվտանգության տեսանկյունից խնդրի դիտարկման ընթացքին, կարծում եմ պետք է հաշվի առնել հարցի նաև հումանիտար կողմը, որի շնորհիվ հազարավոր մարդիկ հնարավորություն կստանան ազատ տեղաշարժվել ու շփվել միմյանց հետ:
ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլերի, այն է` սկզբնական կապերի հաստատման` 1991-1996 թթ. համագործակցության կառուցվածքային ձևաչափի ստեղծման և ՀՀ-ԵՄ Գործընկերության ու համագործակցության համաձայնագրի ստորագրման և իրականացման` 1996-2006 թթ. և փոխադարձ պարտավորություններով ամրապնդված, որակական նոր համագործակցության կայացման շրջան` սկսած 2006 թ.-ից` ԵՄ Հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության շրջանակներում:
2007 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Եվրոպական հարևանության քաղաքականության հնգամյա Գործողությունների ծրագրով Հայաստանը հանձնառություն է ստանձնել 8 առաջնային ուղղություններում համագործակցել ԵՄ-ի հետ և առաջընթաց գրանցել: Այդ ոլորտներն են` արդարադատություն, մարդու իրավունքներ, տնտեսություն, ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծում, վարչարարություն և օրենսդրության մոտարկում, էներգետիկ ոլորտ, տարածաշրջանային համագործակցություն և ջանքեր ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում:
Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներն առավել կանոնակարգելու նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2009 թ. ընթացքում Հայաստանը միացել է ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 138 հայտարարություններից 108-ին, ավելի քան 85 տոկոս. մեր մյուս հարևանները` Վրաստանը և Ադրբեջանը, համապատասխանաբար 70 և 40 տոկոս: Հայաստանն առհասարակ շատ ակտիվ է ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում:
ԵՄ գնահատմամբ Հայաստանի պետական և ոչ-պետական կառույցներն ակտիվորեն մասնակցել են Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափին, մասնավորապես բաց երկխոսության և աշխատանքային ծրագրերի մշակման միջոցով:
Կարևոր քայլեր են ձեռնարկվել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում իրավական դաշտը բարելավելու ուղղությամբ: 2009 թ. հոկտեմբերին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունը ներառում է դիտարկման և գնահատման համակարգ:
Զգալի տեղ է հատկացվում օրենսդրական բարեփոխումներին և շեշտվում է օրենքների կատարման և կատարելագործման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար քայլեր են ձեռնարկում, նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ, ինչպես զեկույցում արձանագրված առաջարկները կյանքի կոչելու, այնպես էլ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
2009-10 թթ. ընթացքում նշանակալի զարգացումներ են տեղի ունեցել ինչպես ՀՀ-Եվրամիություն հարաբերություններում, այնպես էլ Եվրամիության շրջանակներում: Մասնավորապես` 2009 թ. մայիսին Արևելյան գործընկերության մեկնարկով նոր հիմք դրվեց ՀՀ-ԵՄ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: 2009 թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ Լիսաբոնի պայմանագիրը, որով ԵՄ-ը մի շարք բարեփոխումների ենթարկվեց:
Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր Եվրոպական ուղղությունը և Եվրամիության հետ մերձեցումը մշտապես եղել են մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության գերակայություններից: Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հարաբերությունների զարգացմանն ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ եվրոպական երկրների հետ` երկկողմ հիմունքներով։
Հարկ եմ համարում այստեղ նշել նաև, որ Եվրամիության հետ համագործակցության հաստատումը ոչ թե Հայաստանին պարտադրված որոշում է, այլ բխում է Հայաստանի շահերից, քանի որ այն միտված է մեր երկրում տնտեսության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է իրականացնել լուրջ բարեփոխումներ, որոնք արժանացել են միջազգային տարբեր կառույցների հավանությանը: Մենք փոփոխության ենք ենթարկել մեր Ընտրական օրենսգիրքը և սահմանադրական բարեփոխումների շնորհիվ բարձրացրել ենք խորհրդարանի դերակատարությունը: Դրանով հասարակության կյանքում լրջորեն ամրապնդվել է նաև քաղաքական կուսակցությունների դերը: Չեմ կարող ասել, որ մենք խնդիրներ չունենք: Կա որոշակի գործընթացների ճանապարհ, որ յուրաքանչյուր նորանկախ երկիր պետք է անցնի:
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկայումս գտնվում են դինամիկ զարգացման փուլում: Այս համատեքստում առանձնակի կարևորություն է ստանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը: Երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի վրա դրվեցին Արևելյան գործընկերության մեկնարկով: Այն լայն հնարավորությունների դաշտ է ստեղծում գործընկեր պետությունների համար և կարող է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ամուր հիմք դառնալ:
Ներքաղաքական բարեփոխումների իրականացման առումով Հայաստանն առաջիններից էր, որ նախաձեռնեց խորհրդատվական աջակցություն ստանալու գաղափարը, համաձայն որի Հայաստանի պետական մարմիններում, այդ թվում նաև Ազգային ժողովում, համակարգված բարեփոխումների առաջարկներ ներկայացնելու նպատակով 2009 թ. սկզբից, ինչպես նաև Արևելյան գործընկերության անդամ այլ երկրներում, գործում է Եվրամիության խորհրդատուների խումբ: 2009 թ. Երևանում կայացած Մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստան-Եվրամիություն երկխոսության առաջին հանդիպումը հնարավորություն տվեց անդրադառնալու փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև քննարկելու մարդու իրավունքներին առնչվող կոնկրետ համագործակցության հեռանկարները:
Ցանկանում եմ գոհունակություն հայտնել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի մեկնարկի կապակցությամբ, որը նախատեսված է հուլիսի 19-ին Երևանում: Այն նոր հեռանկարներ է բացելու Եվրամիության հետ առաջիկայում առավել ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը: Հայաստան Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը հերթական, սովորական պայմանագիր չէ: Այն խորհրդանշում է համագործակցության զարգացման որակական նոր փուլ, հարաբերությունների խորացման նոր հանգրվան: Նոր համաձայնագիրը հիմնված կլինի քաղաքակրթական արժեքների, ընդհանրության և ապագայի համատեղ տեսլականի վրա և կարտահայտի կողմերի կոնկրետ և պրագմատիկ շահերը: Ուստի, մենք լրջորեն ենք նախապատրաստվում բանակցային գործընթացին` իրականացնելով համապատասխան կառուցվածքային բարեփոխումներ և ընդունելով նորմատիվ ակտեր, որոնք միտված են գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելուն: Խիստ գնահատելի է այս խնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի հատուկ ուշադրությունը, ինչի վկայությունն է զեկուցողի նշանակումը:
Այսօր շատ կարևոր է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը և դրա նշանակալի ավանդը պետություններում ժողովրդավարության կայացման ու ամրապնդման գործում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանձնառու է օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, որոնք միտված են եվրոպական և միջազգային չափանիշներին մեր երկրի օրենսդրության համապատասխանեցմանը:
Մենք խիստ կարևորում ենք խորհրդարանական համագործակցության կայացումը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում և պատրաստ ենք համագործակցելու Եվրոպական խորհրդարանի տարածաշրջանային բոլոր նախաձեռնություններում, որոնցից է նոր սկիզբ առնող ՙԵվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովը: Այն կնպաստի ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակմանն ու ընդլայնմանը:
Գոհունակություն եմ հայտնում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության ներկա մակարդակից: Այստեղ իր արդյունավետությամբ աչքի է ընկնում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի հերթական նիստը կայանալու է այս տարվա աշնանը: Այս դաշտում դեռևս անելիքներ ունենք և հետագա լրացումների կարիք է զգացվում:
Հայկական կողմն ուշադրությամբ հետևում է Եվրոպական խորհրդարանում Հայաստանին, Հարավային Կովկասին, Սևծովյան տարածաշրջանին, Արևելյան գործընկերությանը վերաբերող զեկույցների պատրաստման ընթացքին: Այս հանգամանքը մեր տարածաշրջանի նկատմամբ եվրոպական կողմի աճող ուշադրության խոսուն վկայությունն է:
Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանի և Եվրոպայի վերազգային քաղաքական կուսակցությունների միջև համագործակցության խորացման միտումներ կան, մասնավորապես Եվրոպական ժողովրդական կուսակցության, սոցիալիստների և եվրոպական լիբերալների հետ հարաբերությունների նկատվող ակտիվացումը: Սա կարևոր հանգամանք է եվրոպական կառույցների հետ մեր հարաբերությունների հետագա խորացման գործում:
Կարծում եմ, որ Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցությունը խթանելու Եվրոպական Միության պատրաստակամությունը կվերածվի գործուն քայլերի, ինչը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանում կայունության ու համերաշխ գոյակցության հաստատմանը: Ցավոք, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են պատրաստակամ լիարժեք ներգրավվելու Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության հաստատմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես խոսքս վերաբերում է այս նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունը բացառելու Ադրբեջանի դիրքորոշմանը: Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ընդգրկուն տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքին հակասող գործողություններից ու հայտարարություններից: Գնահատելի է Եվրոպական Հանձնաժողովի մոտեցումը` հնարավորինս ապաքաղաքականացնել համագործակցության վերաբերյալ պլատֆորմների քննարկումները և ուշադրությունը կենտրոնացնել կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Հայաստանը պատրաստակամ է ոչ միայն ակտիվ մասնակցել, այլ նաև հյուրընկալել գործընկերության շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները:
Հայաստանի Հանրապետությունը, որդեգրելով փոխվստահության և փոխադարձ շահերի հարգման վրա խարսխված արտաքին քաղաքականություն, հանձնէ առնում երկկողմ ու բազմակողմ մակարդակներում ստանձնած իր բոլոր պարտավորությունների կատարումը»:
Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին կարևորել Եվրոպական խորհրդարանի դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում և համոզմունք հայտնել, որ մեր համատեղ ջանքերով և բացառապես համագործակցության միջոցով է հնարավոր կարգավորել տարածաշրջանում առկա խնդիրները, ինչն իր հերթին կնպաստի փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը:
Հարգելի գործընկերներ,
Յուրաքանչյուր պատվիրակություն, որն այցելում է այն երկիրը, որը ներկայացնում ենք այստեղ, բոլորովին նոր, ճշգրիտ պատկերացում է ստանում մեր քաղաքական, տնտեսական և մշակութային առաջընթացի, և ինչու չէ, դժվարությունների մասին: Ճիշտ այնպես, ինչպես վերջերս տրամագծորեն վերափոխված տպավորություններով Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունից հայրենիք վերադարձավ Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում էին ոչ միայն Ֆրանսիա-Հայաստան, այլ նաև Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության պատգամավորական խմբերի ներկայացուցիչները:
Օգտվելով այս պատեհ առիթից` գոյություն ունեցող պաշտոնական ձևաչափերից դուրս, մեր խորհրդարանների միջև շփումներն առավել ակտիվացնելու նպատակով ցանկանում եմ ճանաչողական այցով Հայաստան հրավիրել Եվրոպական խորհրդարանում, մասնավորապես Ձեր հանձնաժողովում ներկայացված բոլոր խմբակցություններից ներկայացուցիչների` մեր երկիրը մոտիկից տեսնելու, հոգևոր և պատմամշակութային արժեքներին ծանոթանալու և հայ ժողովրդի հյուրընկալությունը վայելելու համար՚:
Ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ ժամից ավելի սպառիչ պատասխաններ տվեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հաձնաժողովի անդամների հարցերին, որոնք առնչվում էին ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հնարավորություններին, Հայաստան-Եմ փոխգործակցությանը եւ այլն:
Նույն օրը ԱԺ նախագահը հանդիպումներ ունեցավ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ պարոն Լասլո Տոկեշի, ՙԵվրանեսթ՚-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկո, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոշի եւ պատվիրակության, ՙԵվրանեսթ՚-ի պատվիրակության ղեկավար Քրիստիան Վիգենինի եւ նախագահության հետ, ինչպես նաեւ ԵԺԿ գլխավոր քարտուղար, ԵԽ պատգամավոր Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը
ArmAr.am












