Պետք է ձեռնտու լինի հայ կինեմատոգրաֆիստ կոչվելը
Ֆրանսահայ անվանի կինոգործիչ, պրոդյուսեր Ալեն Թերզյանի առաջարկով` ստեղծվելու է աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա:
Այսօր երեկոյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, Հայաստան այցելած բոլոր սփյուռքահայ կինոգործիչները կհավաքվեն քննարկելու ւ Ալեն Թերզյանի առաջարկը: Կարելի է վստահաբար ասել, որ այսօր կդրվի աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների միության հիմքը: Դրանում համոզված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ըստ նրա` նման նախաձեռնության նպատակն է աջակցել աշխարհի տարբեր երկներում բնակվող այն հայերին, որոնք ցանկանում են մտնել կինոոլորտ, դառնալ ռեժիսոր:
«Տաղանդավոր մարդիկ, որոնք ճարպիկ չեն, կողքից որևէ օգնություն չեն ստանում կամ հարուստ պապաներ չունեն, հաճախ են մնում ստվերում: Հարկավոր է օգնել նրանց»,- ասաց նա` հավելելով, որ պետք է այնպես լինի, որ հայերը ոչ թե որևէ հաջողության հասնելու համար խուսափեն իրենց ինքնությունից, այլ «ավելի ձեռնտու լինի հայ լինելը, հայկական արմատները պահպանելը, հայ կինեմատոգրաֆիստ կոչվելը»:
Ըստ նրա` ասոցիացիայի կենտրոնը լինելու է Հայաստանը, քանի որ «մենք ենք իրենց հայրը, մայրը»: Մեր ղեկավարներն էլ արդեն սկսել են հասկանալ, որ կինոն կարևոր զենք է»,- ընդգծեց փառատոնի տնօրենը: Նա ասաց, որ ինքը հանդիպելու է վարչապետի, Սփյուռքի ու Մշակույթի նախարարների հետ: «Սկզբից պետք չէ փողի մասին խոսել: Եթե ցանկություն լինի, փող էլ կլինի»,- նշեց Հ. Խաչատրյանը:












