Իրանում նորոգում են հայկական հուշարձանները, իսկ Վրաստանում` ավերում
Իրանում հայկական հուշարձանների ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու ընթացքում պարզվել է, որ այնտեղ հայկական հուշարձանների, եկեղեցիների նկատմամբ ավելի հոգատար և հանդուրժող վերաբերմունք կա, քան հարևան Վրաստանում: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով վերջերս է վերադարձել Իրանից:
«Մեր արշավախումբն աշխատել է Թեհրանից հարավ ընկած Քյազազում, Քյամարայում, Փերիայում և Նոր Ջուղայում։ Բոլոր այս վայրերում հանդիպել ենք ավելի քան 20 հայկական եկեղեցիների, որոնք բավական լավ էին պահպանվել: Այդ եկեղեցիների մոտ կային հուշատախտակներ` մակագրված, որ դրանք հայկական հուշարձաններ են»,- ասաց Ս. Կարապետյանը և ավելացրեց, որ իրանցի գյուղացիների կողմից հայկական հուշարձաններ ոչնչացնելու ցանկություն բնավ չկա:
Նա նաև նշեց, որ իրանական կառավարությունը նույնիսկ դրանց մի մասի վերանորոգման համար գումարներ է տրամադրում:
Հուշարձանագետի խոսքերով` ի տարբերություն իրանական կողմի, վրացական իշխանությունները հայկական եկեղեցիները յուրացնելու համար ամեն ինչի պատրաստ են:












