Հայկական սահմանի բացումը Թուրքիայի օգտին է
Հայտարարում է ֆրանսիացի նախարարն ու իսկույն վերհիշում ադրբեջանցի փախստականներին եւ թուրք-ադրբեջանական պատմական առնչությունները
Այդ մասին Ֆրանսիայի «Ազգային տոնի» առթիվ «Եվրոնյուսին» տված հարցազրույցում ասել է եվրոպական գործերի գծով նախարար Պիեռ Լելուշը : Ի դեպ, նա մինչ այդ վարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի նախագահի պաշտոնն ու Պակիստանում եւ Աֆղանստանում եղել է Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչը: Ներկայումս, ըստ երեւույթին պաշտոնի բերումով, զբաղվում է եվրոպական հարեւանության քաղաքականությամբ, ֆինանսական ճգնաժամի եւ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության խնդիրներով:
Լելուշը, ըստ «Եվրոնյուսի», «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգո՞ւմ է Ֆրանսիային» հարցին պատասխանել է. «Առկա են ներքաղաքական հաշվարկներով պայմանավորված որոշ խոչընդոտներ: Մի կողմում թուրքերն են, իսկ մյուսումՙ հայերը: Մենք աջակցել ենք նախագահ Գյուլի ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի հետ: Տեսանք, որ համաձայնության էլ եկան: Սակայն այդ համաձայնությունը, ցավոք, հնարավոր չեղավ կյանքի կոչել: Կարծում եմ, այս երկրները երկխոսության միջոցով էլ լուծելու են առկա խնդիրները: Նույնը վերաբերում է մեծ ներուժ եւ կարեւոր նշանակություն ունեցող Ադրբեջանին: Նրանք պետք է ընդունեն փախստականների առկայության փաստն ու լուծում գտնեն»:
«Թուրքիայի նախաձեռնություններն ի վիճակի՞ են քանդելու կծիկը» հարցի առնչությամբ ֆրանսացի նախարարն ընդգծել է. «Ես երկար ժամանակ ի վեր Թուրքիային հորդորում եմ բացել հայկական սահմանը: Ինչպես գիտեք, օդային միջանցքը բաց է: Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիայի օգտին է: Հուսամՙ Թուրքիան կկատարի այս քայլը: Իհարկե, դա դժվար է թուրքերի համար, որովհետեւ Ադրբեջանում կան մեծ թվով փախստականներ, եւ այս երկու երկրներն ունեն կրոնական եւ էթնիկ առնչություններ»:
Նախ պետք է ասել, որ էթնիկ առնչություններ ունեցող այս երկրներից Ադրբեջանը շիիզմ, իսկ Թուրքիան սուննիզմ են դավանում: Այսինքնՙ մահմեդական են, սակայն մրցակից դավանանքի հետնորդներ: Ինչ վերաբերում է ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականներին, ապա սրանց կարելի էր տեղավորել Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանից ողջ ունեցվածքը, ինչպես նաեւ ադրբեջանցի մարդասպան ոհմակների ձեռքով խոշտանգված քույրերի, եղբայրների դիակները թողնելովՙ հեռացած հարյուրհազարավոր հայերի բնակարաններում:
Դա չի արվել, որովհետեւ, ի տարբերություն 20-րդ դարի 20-30-ական թվականներից հետո միայն ադրբեջանցի կոչված կովկասցի թաթարների, Բաքվում, Կիրովաբադում ներկայության բազմադարյա վաղեմություն ունեցող հայերի բնակարանները մեծապես քաղաքի կենտրոնում էին: Ուստի եւ ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հարմար գնով վաճառել դրանք ազգային հարստությունը հափշտակած յուրայիններին: Հայ փախստականներն, իհարկե, Լելուշին չեն հետաքրքրում: Սակայն նա էլ եվրոպացի գործիչ է, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացրած դիվերսիայի հետեւանքով չորս հայ զինծառայողի սպանած ադրբեջանցի մարդասպան հրոսակին արդարացնող համանուն գործիչները:
Արդարացնել սպանությունըՙ կնշանակի լկտիաբար խրախուսել մարդասպանին: Եթե այդ գործիչները դիվերսիայի առնչությամբ հավասարության նշան դնելով հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, արդարացնում էին ադրբեջանցի մարդասպանին, որպեսզի Հարավային Կովկասում պահպանեն եվրոպական կառույցների վարած քաղաքականության «հավասարակշռությունը», ապա Լելուշը ադրբեջանցի փախստականների, թուրք-ադրբեջանական կրոնական առնչությունների եւ հայկական սահմանի բացման դժվարությունների մասին հիշատակելով, սահմանի բացումը դիտարկում է թուրքական զիջում եւ սիրաշահում Թուրքիային:
Ինչո՞ւ, որովհետեւ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ առհասարակ Եվրոմիությունը մեծահոգաբար պաշտպանել են հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ Հայաստանի որդեգրած դիրքորոշումը, որը կտրականապես մերժել է դրանց վավերացման համար հայկական կողմին առաջադրվող թուրքական նախապայմանները: Որքան էլ թուրքական նախապայմանները անհարիր լինեն միջազգային իրավունքի նորմերին, ըստ երեւույթին, ֆրանսացի նախարարը հայկական կողմի դիրքորոշումը պաշտպանելը Հայաստանին արված շնորհ, իսկ Թուրքիայի համար զիջում է համարում, ուստի եւ իր իսկ հորինած «զիջման» փոխարեն պահանջում է, որ Հայաստանն էլ շնորհի դիմաց Լեռնային Ղարաբաղում զիջի Ադրբեջանին:
Այդ դեպքում արդեն հնարավոր կլինի նաեւ ենթադրյալ զիջումով հավասարակշռել մտացածին շնորհը, այսպիսով թուրքականի հետ «հավասար» պայմաններում կհայտնվի անկախության առաջին օրից Թուրքիայի սպառնալիքի եւ թշնամական քաղաքականության թիրախը դարձած Հայաստանը: Ժողովուրդն իզուր չի ասել. «Շունը շնից, երկուսըՙ մի տնից»:
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ, «Ազգ» օրաթերթ
ArmAr.am












