Նախագահ Օբաման Թուրքիայում
ԱՄՆ դեսպանի պաշտոնի նոր թեկնածու է առաջադրում Ամերիկայի հայկական համագումարը պահանջում է, որ առաջադրվող դեսպանը Հայոց ցեղասպանության ճանաչման առումով ճնշում գործադրի Անկարայի վրա
Հուլիսի 20-ի նիստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կքննարկվի Թուրքիայում ԱՄՆ դեսպան առաջադրված Ֆրանցիս Ջոզեֆ Ռիկարդոնեի նշանակման հարցը: Դեսպանի պաշտոնին Ռիկարդոնեի թեկնածությունը առաջադրել է նախագահ Բարաք Օբաման: Եթե նրա թեկնածությունը, բացի հանձնաժողովից, հաստատի նաեւ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը, ապա նա Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Ջեյմս Ջեֆրիին:
Ռիկարդոնեն, ըստ կիսապաշտոնական «Անադոլու» գործակալության, փորձառու դիվանագետ է, իր գործունեությունն սկսել է Անկարայում եւ Ադանայում, հակաիրաքյան առաջին պատերազմից հետո «Ինջիռլիք» ռազմաբազայում խորհրդականի ծառայություններ է մատուցել ինչպես թուրք, այնպես էլ ամերիկացի հրամանատարներին, ապա Եգիպտոսում վարել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը, իսկ 1999-2001 թթ. եղել է պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հատուկ ներկայացուցիչը Իրաքում: Տիրապետում է իտալերենի, ֆրանսերենի, արաբերենի եւ թուրքերենի:
Համենայն դեպս, հուլիսի 20-ի նիստում Ռիկարդոնեն կպատասխանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին, որից հետո վերջիններս կլսեն նաեւ Իրաքում ԱՄՆ-ի դեսպան առաջադրված Ջեյմս Ջեֆրիին, որը գործող դեսպանն էր Թուրքիայում: Թեեւ Ռիկարդոնեի առաջադրումը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին վերագրվում է Ջեֆրիին Իրաքում դեսպան նշանակելու նախագահ Օբամայի մտադրությանը, սակայն դա ընդամենը պատճառաբանություն է: Դրա բուն պատճառը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայում ծավալվող հակաիսրայելական տրամադրություններն են, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են հակահրեական տրամադրությունների, իսկ գործող դեսպանըՙ Ջեֆրին, հրեական ծագումով ամերիկացի է, ավելինՙ անհրաժեշտության դեպքում բավականին կոշտ արձագանքում է Թուրքիայի ղեկավարներին եւ հատկապես արտգործնախարարությանը:
Մեզ հետաքրքրողը, սակայն, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի փոփոխությունը չէ, այլ Ամերիկայի հայկական համագումարի փոփոխության հետ կապված նախաձեռնությունը: Ինչպես երեկվա համարում նշել է «Ջումհուրիեթը», Ամերիկայի հայկական համագումարը նախագահ Օբամային զգուշացրել է, որ դեսպանի պաշտոնում նշանակվելու դեպքում Ռիկարդոնեն 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու առնչությամբ պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա:
Ըստ թուրքական թերթի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, սփյուռքահայ որոշ կայքէջերի վկայությամբ, ասել է. «Ակնկալում ենք, որ դեսպան նշանակվելու պարագային Ռիկարդոնեն ժխտողականությանը վերջ տալու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առումով կճնշի Թուրքիային: Միաժամանակ սպասում ենք, որ նա ճնշում գործադրի, որպեսզի Թուրքիան վերջ տա 20 տարի շարունակ Հայաստանի դեմ կիրառվող շրջափակմանն ու կատարի Հայաստանի հետ հարաբերություններիՙ առանց նախապայմանի կատարման առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները»:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Արդունու մտահոգությունները հասկանալի են: Սակայն նա էլ պետք է հասկանա, որ նախքան Ռիկարդոնեի Հայոց ցեղասպանության ճանաչման առումով Թուրքիայի վրա ճնշում գործադրելը ԱՄՆ Կոնգրեսը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, եւ դա վավերացնի նախագահը, իսկ Ռիկարդոնեին այդպիսի հրահանգ տալուց առաջ, ինքըՙ Օբաման, 1915-ի իրադարձությունների առնչությամբ պարտադիր պետք է արտասանի Ցեղասպանություն բառը: Այլապեսՙ Ռիկարդոնեի ճնշումները հազիվ թե նպատակին ծառայեն:
Հ. ՉԱՔՐՅԱՆ, «Ազգ»
ArmAr.am












