Հայտարարություն Ալմաթիում
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Բեռնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:
Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի Ալմա Աթայում կայացած ոչ պաշտոնական հավաքի կուլիսներում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Պատվիրակությունների ղեկավարները հիշեցրել են 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի ընդունած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտ կողմերի պարտավորության մասին, հիմնված սկզբունքների վրա, որոնք առկա են Հելսինկիի Եզրափակիչ ակտում. ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջության եւ ժողովուրդների հավասար իրավունքներ եւ ինքնորոշում:
Նրանք վերհաստատել են, որ տարրերը, որոնք ձեւակերպված էին նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի 2009 թվականի հուլիսի 10-ի Ակվիլայում արած հայտարարության, իսկ հետո վերհաստատված էին 2010 թվականի հունիսի 26-ին Կանադայում արած հայտարարության մեջ, պետք է դառնան հակամարտության արդարացի եւ հաստատուն կարգավորման հիմք:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ բոլոր տարրերը մտածվել են որպես մի ամբողջություն, եւ ընդհանուր թվից մի քանի տարր վերցնելու ցանկացած փորձ հավասարակշիռ լուծման հասնելը դարձնում է անհնար:
Ֆրանսիայի արտգործնախարար Քուշներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթեյնբերգը երախտագիտություն են հայտնել ՌԴ նախագահ Մեդվեդեւին եւ ՌԴ արտգործնախարար Լավրովին կողմերի տարաձայնությունները հաղթահարելու ջանքի համար, նկատի ունենալով 2010 թվականի հունվարի 25-ի Սոչիի եւ հունիսի 17-ի Սանկտ-Պետերբուրգի քննարկումները:
ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները նշել են, որ մինչ այժմ հակամարտող կողմերի ջանքերը բավարար չեն եղել տարաձայնությունները հաղթահարելու համար: Նրանք նաեւ ափսոսանք են հայտնել վերջերս տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որոնք, նրանց խոսքով, լարվածություն են մտցրել տարածաշրջանում, այդ թվում եւ լուրջ ռազմական միջադեպերի առիթով, որոնք տեղի ունեցան 2010 թվականի հունիսի 18-19-ին, ինչպես նաեւ հետագա կտրուկ հրապարակային հայտարարությունների առիթով:
Պատվիրակությունների ղեկավարները նշել են, որ հատկապես ուժի կիրառումն է հանգեցրել ներկայիս իրավիճակին, եւ դրա կրկնակի կիրառումը կարող է բերել ընդամենը տառապանքի, ավերածությունների եւ հակամարտության հետեւանքների ու թշնամության, որը կշարունակվի սերնդե սերունդ:
Նրանք կողմերին կոչ են արել փոխզիջման ոգու ամրապնդմանը ընդհանուր հիման վրա համաձայնության գալով բանակցությունը շարունակելու համար: Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերին հարկ են լրացուցիչ միջոցներ 1994 թվականի հրադադարի ռեժիմը պահպանելու համար, հետագա քաղաքական երկխոսության եւ համաձայնությունների կայացման համար անհրաժեշտ առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Հայտարարության հեղինակները հաստատել են խաղաղ համաձայնության հասնելու գործում հակամարտ կողմերին աջակցելու իրենց հավատարմությունը, սակայն նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատվությունը ընկած է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների վրա:












