Վլ. Զախարով. «Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորագույն խնդիրը տեղեկացվածությունն է»
Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ խնդրին առնչվող այլ հարցերի շուրջ «Արմենպրեսը»-ը զրուցել է ռուս փորձագետ Վլադիմիր Զախարովի եւ դատավոր, կարսեցիների ժառանգ Ալեքսանդր Տոնկոնոժենկոյի հետ:
– Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու հարցում:
Վլադիմիր Զախարով: -Իմ կարծիքով, կարեւորագույն խնդիրը տեղեկացվածության հարցն է: Պետք է բարձրացնել ինչպես եվրոպական, այնպես էլ թուրքական հասարակությունների տեղեկացվածության մակարդակն այս հարցի շուրջ, քանի որ Թուրքիայում ձեւավորված կարծիքը ոչ մի կերպ չի փոխվում եւ ցեղասպանության վերաբերյալ որեւէ այլ կարծիքի արտահայտումը, քան պետական կարծիքն է, միանգամից առաջացնում է դատական գործեր եւ այլն: Սակայն այստեղ կա մի կարեւոր հանգամանք. Թուրքիան ձգտում է անդամագրվել Եվրոպական Միությանը, ուստի եվրոպացիներին պետք է բացատրել, որ եղել է Հայոց ցեղասպանություն, իսկ դրա համար անհրաժեշտ է նրանց մատակարարել գրականությամբ. հավատացե’ք այնտեղ կա ընթերցող հասարակություն: Սակայն Թուրքիան նույնպես չի հանձնվում եւ ցեղասպանության նկատմամբ այլ հայացք ունեցող գրականություն է տալիս եվրոպացիներին: Պետք է բացատրվի, թե որ հարցում է թուրքական տեսակետը սխալ. այս աշխատանքը պարտադիր պետք է իրականացվի:
Ալեքսանդր Տոնկոնոժենկո: -Կարծում եմ` անհրաժեշտ է համակարգել ցեղասպանությանը վերաբերող փաստերը երկու ուղղություններով: Նախ դա պետք է դիտարկել որպես մարդկային կյանքի ողբերգություն, իսկ այնուհետեւ` որպես մշակութային ողբերգություն` կորցրած հայրենիք իր մշակութային հարստությամբ: Եվ երկրորդ` միջազգային իրավական ուղղություն: Այստեղ, իհարկե, անհրաժեշտ են իրավական փաստարկներ: Բացի դրանից գոյություն ունի միջազգային փորձ, նկատի ունեմ Նյուրնբերգյան դատավարությունը, Եվրոպայում վերջերս տեղի ունեցող դատավարությունները կապված նախկին Հարավսլավիայի հետ եւ այլն:
–Ինչպե՞ս եք գնահատում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայի մերժողական քաղաքականությունը:
Վլադիմիր Զախարով: -Աշխատանքիս բերումով շատ եմ հանդիպել թուրք դիվանագետների եւ միշտ հարցրել եմ, թե ինչո՞ւ չեք անում առաջին քայլը, ինչո՞ւ ներողություն չեք խնդրում հայ ժողովրդից, թեկուզ անձնական պատասխանատվություն չեք կրում: Նրանք ինձ ասում են, թե մեղավորը դաշնակցականներն են, իսկ ես ասում եմ, որ բավական է արդեն հեքիաթներ հորինեք: Արդեն անցել է հարյուր տարի, եւ մենք բոլորս էլ գիտենք, որ մեղավորները երիտթուրքերն են: Իրականում թուրքերը վախենում են, որ կարող է տեղի ունենալ նույնը, ինչ-որ Հոլոքոստի պարագայում, այսինքն` փոխհատուցում վճարել եւ այլն: Բայց, վերջիվերջո, կատարվածի համար պետք է պատասխան տալ:
Ալեքսանդր Տոնկոնոժենկո: -Ես քաղաքական գործիչ չեմ, եւ որպես դատավոր` իրավունք չունեմ զբաղվելու քաղաքականությամբ, սակայն կարող եմ ասել, որ երբ Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա մեծ ուրախություն էր անձնապես ինձ համար` որպես կարսեցիների հետնորդի:
Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի. «Արմենպրես»
ArmAr.am












