Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ Թուրքիայում

Հուլիս 19, 2010թ. 13:35

Հուլիսի 8-ին և 9-ին Ստամբուլում և Անկարայում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) անցկացրեց հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ` Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (ԳՔՄԿ) մասնակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

2010 թ. հուլիսի 8-ին ԳՔՄԿ-ն Ստամբուլի մշակույթի համալսարանում հյուրընկալեց «Հայաստան-Թուրքիա փորձագիտական քննարկումներ» վերտառությամբ կոնֆերանսը, որին մասնակցեցին հայ, թուրք ու միջազգային լրագրողներ, դիվանագետներ և փորձագետներ: Անադոլու Քյուլթուր կազմակերպության խորհրդի նախագահ Օսման Քավալայի կողմից կարգավորվող կլոր սեղանի քննարկումներին հիմնական զեկուցողներն էին դեսպան ու ԵՊՀ դասախոս Դավիթ Հովհաննիսյանը և Սաբանջը համալսարանին կից գործող Ստամբուլի քաղաքագիտական կենտրոնի ավագ խորհրդատու Յուստ Լագենդայքը: Համաժողովից հետո հայկական խումբն այցելեց Դողան մեդիա կենտրոն, որտեղ հանդիպեց թուրք հայտնի լրագրող, քաղաքական մեկնաբան ու գրող Մեհմեդ Ալի Բիրանդի և Սի-Էն-Էն Թյուրք հեռուստաընկերության խորհրդատու Ֆերհաթ Բորաթավի հետ, ինչպես նաև շրջայց կատարեց մեդիա կենտրոնի աշխատասենյակներում:

Նախագծի երկրորդ օրը խումբն այցելեց Անկարա` հանդիպելու թուրք մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Արտաքին գործերի նախարարությունում ԳՔՄԿ ու ԵՀՀ խմբին ընդունեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Պարոն Սինիրլիօղլուն ներկայացրեց հայ-թուրքական հարաբերություններում ներկա իրավիճակը, ինչպես նաև հարաբերությունների ապագայի վերաբերյալ նախարարության մոտեցումները: Ապա խումբն այցելեց Թուրքիայի խորհրդարան և հանդիպեց Արդարություն ու զարգացում կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ու խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Սուաթ Քընըքլըօղլուին և նույն կուսակցության պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար, դեսպան Յաշար Յաքըշին: Վերջիններս նույնպես խմբին ներկայացրեցին հայ-թուրքական կարգավորման գործընթացում կառավարության գործունեությունն ու դիրքորոշումը և պատասխանեցին հարցերի:

Ստամբուլի ու Անկարայի հանդիպումները, որոնք երևանյան քննարկուկմների շարունակությունն էին, հանդիսացան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը» նախագծի մի մասը: Այդ միջոցառումն ավելի ամրացրեց ԳՔՄ ստամբուլյան կենտրոնի ու ԵՀՀ հայկական գրասենյակի միջև հարաբերությունները, ինչպես նաև հաստատեցին նոր կապեր դիվանագիտական, կրթական ու մշակութային գործընթացներում ներգրավված հայ և թուրք լրագրողների ու փորձագետների միջև:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն