Գլխավոր » Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայ-թուրքական սահմանի բացումը ծուղակ է

Հուլիս 19, 2010թ. 13:46

«Հայոց աշխարհ» օրաթերթը նկատում է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին աշխուժացումներին զուգահեռ, ակտիվանում է նաեւ թուրքական դիվանագիտությունը` փորձելով Հայաստանին ու հայությանը ներքաշել նորանոր ծուղակների մեջ: Հայկական ճակատում, ըստ թերթի մեկնաբանի, Թուրքիայի ներկա ակտիվացումը թելադրված է միայն ու միայն սեփական ազդեցությունը եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Արեւմուտքի շահագրգռության գործոնը Ղարաբաղյան բանակցային գործընթացի <<կշեռքների վրա>> նետելու ցանկությամբ: <<ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրների մի մասը, առաջին հերթին տարածաշրջանում նորից ակտիվացող Միացյալ Նահանգները, շահագրգռված են հայ-թուրքական երկխոսությունը շարունակելու եւ սահմանի բացմանը հասնելու հարցում:

Նմանապես որոշակի տնտեսական շահեր կարող է իրացնել նաեւ Ռուսաստանը` կապված երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ էլեկտրաէներգիայի արտահանման հետ: Ուրեմն հայ-թուրքական սահմանի բացման հարցը Ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ կապելու իր ակնհայտ մտադրությամբ Թուրքիան փորձում է դառնալ ոչ ուղղակի, բայց մշտական ներկայություն, որը, մի կողմից, շահագրգռում է միջնորդներին բանակցություններում արագ արդյունքների հասնելու հարցում, իսկ, մյուս կողմից, փորձում է ապահովել այդ արդյունքների ադրբեջանանպաստ ուղղվածությունը: Բնական է, որ այս նպատակներին հասնելու համար Անկարան ամեն ինչ անում է եւ առաջիկայում էլ անելու է, որպեսզի միջնորդներին ապացուցի, որ ոչ միայն հայ-թուրքական քաղաքական օրակարգը չի սառեցված, այլեւ ինքը նորանոր <<զիջումներ>> է անում Հայաստանին` միայն թե վերջինս արագացնի Ղարաբաղի հարցի լուծումը>>,- եզրակացնում է վերլուծաբանը:

ArmAr.am


Դիտել Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն