«Հասկանալի չէ՞, թե ինչու է Մամեդյարովը կորցրել հիշողությունը»
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել էր, թե «հայերն անկախ Հայաստան պետություն ունեն: Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշումը, հետևաբար, կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի տարածքում»:
Անդրադառնալով հիշյալ հայտարարությանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը ասել է. «Մամեդյարովի հայտարարությունն այնքան անտրամաբանական է, որ պետք էլ չի շատ հեռու գնալ: Պարզ օրինակ՝ կար Ալբանիա պետություն, սակայն դա Կոսովոյին չխանգարեց առանձնանալ Սերբիայից՝ ստեղծելով ալբանական երկրորդ պետությունը: Հասկանալի չէ՞, թե ինչու Մամեդյարովի հիշողությունը չի բավարարում, որպեսզի նա կարողանա հիշել, թե մերօրյա պատմության մեջ ինչպիսի նախադեպեր են տեղի ունեցել, թե՞ երբ իրենց ձեռնտու չէ, չեն ուզում հիշողությունները լարել»,- նշել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքերով, Ադրբեջանին ամենևին էլ ձեռնտու չէ հիշել, հասկանալ և համեմատել այն գործընթացները, այն նախադեպերը, որոնք տեղի են ունեցել:
«Ադրբեջանական կողմին հատուկ հիշեցնեմ, որ նմանատիպ իրադարձության, նմանատիպ պայմաններում Կոսովոն անկախացավ, և միջազգային հանրությունը ճանաչեց, և դա այն դեպքում, երբ կար Ալբանիա պետությունը: Ի՞նչ է, Մամեդյարովը դա չի հիշում»,- ասաց Ս. Նիկոյանը:
Նրա խոսքով, Արցախի ինքնորոշման հարցը ոչ միայն պատմական արդարության խնդիր է, այլև կա դրա հստակ նախադեպը, և այստեղ երկակի ստանդարտների գործածումն ուղղակի անթույլատրելի է:












