«Հայ ժողովրդի կապը Լիբանանի հետ գալիս է դարերի խորքից»
Հուլիսի 20-ին Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում Ժնեւում շարունակվեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ ժողովրդի կապը Լիբանանի հետ գալիս է դարերի խորքից: Լիբանանում հայ համայնքի ներկայությունը հարյուրամյակների պատմություն ունի եւ Լիբանանի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են պահպանել հարուստ ազգային կյանքն ու մշակույթը: Լինելով Լիբանանի քաղաքացիներ, նրանք իրենց շոշափելի ներդրումն են ունեցել երկրի զարգացման ու բարգավաճման գործում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի կառավարության հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ:
Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատելով հայ-լիբանանյան հարաբերությունները` նշեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Լիբանան խթան հանդիսացավ համագործակցության խորացմանը: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը եւ ամրապնդումը: Հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների ընթացիկ վիճակին և ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:
ArmAr.am












