Է.Նալբանդյանի տեղեկատվությանը կրկին կսպասեն
Հուլիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով Եվրանեսթում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստը, որին հրավիրվել էր մասնակցելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանը տեղեկատվություն է տրամադրել Ալմաթիում տեղի ունեցած վերջին հանդիպման, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարի եւ երկու պատվիրակությունների անդամների միջեւ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր միջազգային կառույցներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունների եւ երկրի արտաքին գերատեսչության աշխատանքը համակարգելու խնդիրներին: Պատվիրակության անդամները հնչեցրին առաջարկներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնելու խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը միջազգային տարբեր կառույցներում, ինչպես նաեւ ներկայացվեցին մեխանիզմներ ԱԺ-ԱԳՆ կապն առավել գործուն դարձնելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս մեկ անգամ հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` միջխորհրդարանական դիվանագիտության խնդիրներն առավել ընդգրկուն քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ArmAr.am












