Շիրակ Թորոսյանն ահազանգում է
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսում ահազանգել է հնչեցրել, թե Թբիլիսիում հատուկ ծառայությունների կողմից վերջերս հայ մանկավարժների սև ցուցակ է պատրաստվել, որում ներառված են հիմնականում հայոց լեզվի և պատմության առարկա դասավանդող մանկավարժները և որոնց այլևս չի թույլատրվում աշխատել ոչ միայն Վրաստանի, այլև Ջավախքի հայկական դպրոցներում:
Այդ քայլի համար վրաց իշխանությունները որևէ բացատրություն ու պատճառաբանություն չեն ներկայացրել հայ մանկավարժներին, փոխարենը, զգուշացրել են.« Ուր էլ բողոքեն` ոչինչ չի փոխվելու»:
«Վրացերենն ամրապնդվում է` հայերենը ոչնչացնելու հաշվին»,-ասել է ԱԺ պատգամավորը:
Վրաց իշխանությունների նման քայլը Շիրակ Թորոսյանը գնահատում է որպես հայկական ազգային դիմագիծը խեղելու վրացական հստակ ծրագիր, միաժամանակ, հայերի շրջանում վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու քաղաքականություն:
Բացի այդ կա մեկ այլ անհանգստացնող հանգամանք ևս. Վրաստանի ուսումնական հաստատություններում դպրոցական ծրագրի բախշման նոր ծրագիր է ներդրվել, համաձայն որի հայերենի դասաժամերը Ջավախքի հայկական դպրոցներում հասցվել են նվազագույնի:
Իբրև օրինակ, պատգամավորը համեմատական կարգով ներկայացրել է վերջին տասնամյակների թվային պատկերը, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ հայոց լեզվի դասավանդումը Ջավախքում կրճատվել է հինգ անգամ. «Խորհրդային շրջանի ավագ դպրոցներում հայերենի դասավանդումը եղել է շաբաթական ութ ժամ, հետխորհրդային ժամանակաշրջանում` վեց ժամ, իսկ այսօր վրացական իշխանությունները դասավանդման ժամանակը հասցրել են շաբաթական ընդամենը երկու ժամի»,- ասաց Շ.Թորոսյանը:
Իրավիճակը նույնն է նաև միջին ու կրտսեր դպրոցներում: Մայրենի լեզվի քննությունը ներառված չէ նաև ավարտական` 12-րդ դասարանի քննությունների ժամանակ, ինչը, ըստ բանախոսի, նշանակում է, որ հայ երեխաների մեջ ամեն կերպ արժեզրկում են մայրենիի կարևորությունը:
«Երևույթն ինքնին խոսուն է,այն նպատակ ունի արմատախիլ անել հայերենը` որպես տարածաշրջանի լեզու և որպես հաղորդակցման լեզու ջավախահայության համար, մինչդեռ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հայերենը տարածաշրջանում ճանաչվի որպես երկրորդ պետական լեզու: Դա բխում է ոչ միայն միջազգային պրակտիկայից, այլև ազգային փոքրամասնությունների իրավունքների միջազգային իրավական նորմերից ու հատկապես` ԵԽ ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչվող շրջանակային կոնվենցիայից ու ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների մասին դեկլարացիայից»,-եզրափակեց Շիրակ Թորոսյանը:
ArmAr.am












