Կոսովոյի անկախությունն անշրջելի փաստ
Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը կայացրեց որոշում, ըստ որի Կոսովոյի անկախացումը չի հակասում միջազգային իրավունքին: Հիշեցնենք, որ Կոսովոյի խորհրդարանը Սերբիայից անկախություն էր հռչակել 2008 թ. փետրվարի 17-ին:
Սերբիայի ԱԳ նախարարը մինչ դատարանի որոշումը հայտարարել էր, թե եթե դատարանը աջակցի Կոսովոյին,ոչ մի սահման աշխարհում անվտանգ չի լինի:
Միաժամանակ Սերբիան հարցով դիմել էր միջազգային դատարան, որով` Կոսովոն եւ Մետոխիան համարում է իր անբաժանելի մասը: Ինչպես հայտնի է նման դիրքորոշում ունի նաեւ Ռուսաստանը:
Հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները, նկատելով, որ Միջազգային դատարանի որոշումը` Կոսովոյի անկախության հետ կապված իրավական վեճերի վերջաբանն է: «Կոսովոյի անկախությունն անշրջելի փաստ է: Միջազգային դատարանի եզրակացությունը կարևոր փուլ է` Կոսովոյի անկախության հետ կապված իրավական վեճերն ավարտին հասցնելու համար, ինչը թույլ կտա կողմերին զբաղվել այլ, չլուծված հարցերով», -հայտարարել է ֆրանսիացի նախարարը:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, ովքեր սպասում էին այս եզրակացությանը, այլևս չտատանվել և ճանաչել Կոսովոյի անկախությունը», -հավելել է Քուշները:
Ներկայում Կոսովոյի անկախությունը ճանաչել է 69 երկիր: Վստահաբար կարելի է ասել, որ այս որոշումից հետո Կոսովոյի անկախությունը կճանաչեն նաև այլ երկրներ:
ArmAr.am












