Գլխավոր » Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Միջազգային իրավունքն աճուրդի չի դրվում

Հուլիս 23, 2010թ. 12:30

Ara PapjanԱյն, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը` Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին հայտարարեց, որ “Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրավունքը”, միանգամայն օրինաչափ է: Նախ օրինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը` ինքնորոշման տեսքով, որպես տվյալ կազմակերպության հիմնական նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Հետո, օրինաչափ է, քանի որ միջազգային իրավունքի մեջ չկա անկախության հռչակման որևէ սահմանափակում: Այսինքն, միջազգային իրավունքի մեջ չկա մի չափորոշիչ, որով անկախանալու իրավունքը վերապված է, ասենք, սերբերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նույն իրավունքը մերժվում է ալբանացիներին, մենգրելներին կամ թալիշներին:

Բնական է, որ անկախության հռչակումը միշտ էլ միակողմանի է լինում: Երբ, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն իրենց անկախությունը հռչակեցին համապատասխանաբար Բրիտանական Կայսրությունից կամ ՍՍՀՄ-ից, նրանք դա արեցին առանց, այսպեդս կոչված, “կենտրանական իշխանության” թույլտվության: Ուրիշ բան, որ “կենտրոնական իշխանությունը” կարող է այդ փաստն ընդունել հանգիստ, առանց ավելորդ ռազմական ջղաձգումների, կամ կարող է փորձել արյան մեջ խեղդել ուրիշների ձգտումը:

Գնահատելի է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վերոհիշյալ որոշումը միջազգային իրավունքի ժողովրդավարացման ուղղությամբ զարգացման տեսանկյունից: Որոշումը ցույց տվեց, որ XXI դարի մտածողությանն անհարիր է ժողվուրդների բաժանումն արտոնյալների և մերժյալների:

Հիշյալ որոշումը գնահատելի է նաև Արցախի հակամարտության ժողովրդավարական լուծման տեսանկյունից: Այսինքն, ինչպես ժողովրդավարական հասարակության մեջ որևէ մեկն իրավունք չունի անհատի փոխարեն որոշումներ կայացնելու, այնպես էլ ներկա միջազգային հարաբերություններում որևէ մեկն իրավունք չունի որոշումներ կայացնելու այդ անհատների կազմակերպված հանրության փոխարեն:

XXI դարում միջազգային իրավուքը չի կարող աճուրդի դրվել: Միջազգային իրավուքը նավթի աշտարակ չէ:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
23 հուլիսի 2010թ.

ArmAr.am


Դիտել Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն