Ազգերի ինքնորոշման իրավունքը չի խախտում միջազգային իրավունքի որեւէ սկզբունք
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի` Կոսովոյի անկախությանը վերաբերող որոշման կապակցությամբ
Արդարադատության Միջազգային դատարանը ս. թ. հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը:
Այդ որոշումն ունի չափազանց կարեւոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաեւ համընդհանուր նախադեպային նշանակություն եւ իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով:
Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, որի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին եւ դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական պետություն՝ այն դարձնելով Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը:
Արցախի ժողովրդի՝ իր սեփական պետությունն ունենալու եւ կառուցելու, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն, անկասկած, կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ այն լիովին իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան եւ հանդիսանում է արդար ու տառապյալ նվաճում:












