«Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ». ասել է վարչապետը
Հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն խոսել է երկրի տնտեսական խնդիրներից, այլև լրագրողների հետ անկեղծորեն խոսել նաև իր ընտանիքի անդամների մասին.
«Մեծ աղջիկս, ամուսնացավ և մեզ նվիրեց մեր առաջին թոռնիկին: Նրա աշխարհընկալումնը շատ հարցերում նման են մեր աշխարհընկալմանը: Այդ առումով նա մեզ հետ կիսում է մեր բոլոր հոգսերն ու ուրախությունները»:
Վարչապետի 8-ամյա որդին՝ Աբգարը, աշխարհի ֆուտբոլի առաջնության ժամանակ, իմանալով, թե որքան աշխատավարձ են ստանում ֆուտբոլիստները, հորն ասել է. «Հայրիկ, այս աշխատանքդ, որ ավարտես, անպայման ֆուտբոլիստ կդառնա՞ս»: «Հետո մտածեց-մտածեց, ու ասաց՝ թե՞ շատ հին ես դու արդեն ֆուտբոլիստ դառնալու համար»,- լրագրողների հետ անկեղծորեն կիսվել է վարչապետը։
«Փոքր տղաս, որը երկու տարեկան է, շատ բան չի հասկանում, բայց պահանջում է, որ ես իր հետ ավելի շատ ժամանակ անցկացնեմ, դժվար է ինձնից կտրվում, երբ ես դուրս եմ գալիս աշխատանքի։ Նա մեր կյանքում սահմանել է ռեժիմ. առավոտյան ժամը 8-ին ընտանիքի անդամներին արթնացնում է և ստիպում, որ բոլորն իրենով զբաղվեն, որ ինքը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Իսկ երեկոյան պահանջում` որ մյուսներն էլ պահպանեն այն նույն ռեժիմը, որն իրեն ենք պարտադրում: Ասում են, որ եթե տանը կա փոքր երեխա, ուրեմն նա է ղեկավարում ձեր ամբողջ ընտանեկան կենցաղը: Այդպես էլ մեր տանն է: Այնպես որ, մենք բավական երջանիկ ընտանիք ենք»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ իր կնոջ հիմնական աշխատանքն այս պահին նվիրված է երեք երեխաներին և թոռնիկին։
«Ինչպես նաև, որպես վարչապետի կին, նա պարտավոր է մասնակցել բազմաթիվ պաշտոնական արարողությունների, որը նույնպես ժամանակ է խլում նրանից: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
ArmAr.am












