«Արմենիկում»-ի հնարավորություններն ավելի լայն են
«Արմենիկում»-ի գաղտնիքը յոդի մեջ է։ Սակայն, որպեսզի յոդը ներարկես օրգանիզմ, եւ այն օրգանիզմում աշխատի որպես հակամիկրոբային նյութ եւ միեւնույն ժամանակ չունենա որեւէ թունավոր ազդեցություն. նման պայմանների հասնելը բավականին բարդ է»,- ասել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետազոտական լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Տիգրան Դավթյանը:
Դոկտորը նկատել է, որ «Արմենիկումը» եզակի դեղամիջոց է, որն իր մեջ պարունակում է դեռ վաղուց բավականին հայտնի ունիվերսալ հակամիկրոբային նյութ` յոդ, որի միջավայրում միկրոբների որոշակի կայունությունն ուղղակի անհնարին է: Այսինքն` այն հակաբակտերիական ազդեցություն ունի:
Ըստ վերջինիս, աշխարհում չկան այդպիսի դեղամիջոցներ, որ յոդ պարունակեն, եւ ոչ մի երկրի, բացի հայ մասնագետներից, դեռեւս չի հաջողվել չեզոքացնել յոդի թունավոր ազդեցությունը օրգանիզմի համար:
Նրա խոսքով` յոդի պարունակությունը մարդու օրգանիզմի համար առաջնահերթ կարեւորություն ունի, եւ դրա նվազումը օրգանիզմում միանգամից առաջ է բերում առողջական տարբեր խնդիրներ, իսկ «Արմենիկումը», որի հիմքում ընկած է յոդը, իր բացառիկ կառուցվածքի շնորհիվ, ունի շատ լայն ազդեցության շրջանակ` հակամիկրոբային եւ հակաբորբոքային, իմունակարգավորիչ ազդեցություն, ինչպես նաեւ մեծ պոտենցիալ ունի յոդի դեֆիցիտով պայմանավորված մի շարք հիվանդությունների բուժման համար:
«Ասել, որ «Արմենիկում»-ը ստեղծված է միայն հատուկ ՁԻԱՀ-ով հիվանդների համար, դա նեղացնում է դեղամիջոցի ազդեցության շրջանակը, իսկ դեղի հնարավորությունները ավելի լայն են, եւ այն ամբողջովին դեռեւս բացահայտված չէ»,- ամփոփեց Դավթյանը:
ArmAr.am












