Տիգրան Սարգսյան «Բնակչության մոտ 70 % կողմ է օտարալեզու դպրոցների բացմանը»
Հատված հեռուստաընկերություններին տրված հարցազրույցից
-Պարոն վարչապետ, վերջրես մեծ աղմուկ բարձրացավ` օտարալեզու դպրոցների հետ կապված։ Ձեր կարծիքով ի՞նչ էր սա` լավ չբացատրելու հետեւանք, սխալ ընկալում, իրական մտահոգություն, այնուամենայնիվ, ինչքա՞ն է սպեկուլյացիայի չափը։ Բացի դրանից` ուզում եմ անդրադառնալ կրթական բարեփոխումներին եւս։ Ներդրվել է ավագ դպրոցի համակարգը, որը չի կայանում։ Ի վերջո, ո՞րն է ճանապարհը, որ դպրոցական կրթությունը իսկապես որակյալ լինի։
-Առաջին հերթին ուզում եմ ասել, որ մեր պետությունը առաջին հերթին մտնում է մի նոր, բավականին հետաքրքիր փուլ, երբ տարբեր հարցերի շուրջ բուռն հասարակական քննարկումներ են ընթանում։ Դա երեւի սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային թատրոնի խնդրի քննարկումից, հետագայում նաեւ Կառավարության այն նախաձեռնությունից, որը ենթադրում է, որ Հայաստանում կարող են լինել միջնակարգ դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ կարող են դասավանդվել օտար լեզուներով, եւ այս հարցը նույնպես դարձավ բուռն հանրային քննարկումների առարկա։
Ընդհանուր առմամբ ես ուզում եմ դրական գնահատել այս երեւույթը։ Կան հարցեր, որոնք անտարբեր չեն թողնում մեր հասարակությանը, եւ այդ հարցերի շուրջ բուռն բանավեճ է ընթանում։ Սա ընդհանուր առմամբ դրական է։ Եվ Կառավարությունը պարտավոր է ստեղծել այդ բանավեճի համար միջավայր, որպեսզի այդ բանավեճը լինի կոռեկտ, ոչ ագրեսիվ, եւ այդ բանավեճի ընթացքում ձեւավորվի այնպիսի հասարակական կարծիք, որը մեծամասնության համար ընդունելի է, եւ դա էլ կլինի ճիշտ լուծումը, որով մենք պետք է առաջնորդվենք։ Մենք փորձելու ենք նպաստել այսպիսի միջավայրի ձեւավորմանը։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում թույլ տալ, որ լինեն այլընտրանքային մասնավոր միջնակարգ ուսումնական հաստատություններ, որտեղ որոշ առարկաներ պետք է դասավանդվեն օտար լեզուներով, ես կարծում եմ, որ այս հնարավորությունը մենք պետք է տանք մեր քաղաքացիներին, ինչպես նաեւ մասնավոր ներդրողներին, որովհետեւ բազմազանությունը կրթական համակարգում նպաստելու է ընդհանուր առմամբ կրթական համակարգի բարեփոխումներին, կրթական համակարգում որակի բարձրացմանը։
Այստեղ կան 2 ծայրահեղ տեսակետներ։ Մի ծայրահեղ տեսակետն այն է, որ եթե թույլ տանք այսպիսի մասնավոր դպրոցների գոյությունը, մեր դպրոցները կտապալվեն, եւ կգերիշխեն այսպիսի դպրոցները։ Արդյունքում մենք կկորցնենք մայրենի լեզուն եւ հայեցի մտածողությունը։
Կա նաեւ մյուս ծայրահեղ մոտեցումը։ Այն է, որ եթե մենք թույլ չտանք, որ լինեն դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ օտար լեզուներով են դասավանդվում, դա նշանակում է, որ մենք Հայաստանը մտցնում ենք որոշակի տուպիկ, իզոլյացիայի ենք ենթարկում միջազգային զարգացումներից, այն պարագայում, երբ այս արագ փոքրացող աշխարհում անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները տիրապետեն օտար լեզուներին, եթե ուզում ենք լինել մրցունակ։
Ես կարծում եմ, որ այս երկու տեսակետները խիստ ծայրահեղ են։ Կառավարությունը գնացել է այն ծայրահեղ ճանապարհով, որ սահմանափակ քանակությամբ, մասնավոր դպրոցներ Հայաստանում կարող են լինել, որովհետեւ որոշ առարկաներ կարող են դասավանդվել օտար լեզուներով, եւ դա մեր ազգային անվտանգության համար որեւէ սպառնալիք չի իրականացնելու։ Ավելին` մեր հասարակության գերակշիռ մասը կողմնակից է այս տարբերակին, եւ մոտավորապես 70 տոկոսը կողմնակից է, որ այս օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա, եւ այդպիսի մասնավոր ներդրումներ անպայման լինեն։
–Պարոն վարչապետ, որտեղի՞ց այդ թվերը, երբ այդ դպրոցի նախաձեռնող խումբը արդեն գիտակցում է, որ Հայաստանը այսօր մերժող միջավայր է, եւ նման նախաձեռնությունը մերժող միջավայրում չի կարող հաջողություն ունենալ։
-Շատ հաճախ տպավորություն ստեղծվում է, որ Հայաստանը մերժող միջավայր է, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ունեն ծայրահեղ դիրքորոշում, շատ ծայրահեղ եղանակներով են իրենց կարծիքը ներկայացնում։ Բայց մեր հասարակության գերակշիռ մասը նորմալ է վերաբերվում այս հարցին, եւ մենք անց ենք կացնում սոցիոլոգիական հարցումներ` պարզելու մեր քաղաքացիների կարծիքը այս կամ այն հարցի, հասարակությանը մտահոգող խնդրի վերաբերյալ։
Դրանք նաեւ ես Ազգային ժողովում եմ տեղյակ պահել, որ Կառավարությունը պարբերաբար այդպիսի հարցումներ իրականացնում է` եռամսյակային կտրվածքով` պարզելու` որքանով են էֆեկտիվ Կառավարության ծրագրերը, միջոցառումները, որոնք են այն հարցերը, որոնք մտահոգում են մեր քաղաքացիներին, եւ այդ հարցումները միանշանակ ցույց են տալիս, որ գերակշռող մեծամասնությունը կողմ է, որ լինեն այլընտրանքային կրթական հնարավորություններ։
Ամերիկյան համալսարանում բլոգերների հետ քննարկման ժամանակ քվեարկություն կազմակերպեցինք, եւ այնպես չէր, որ դահլիճի մեծամասնությունը կողմ էր կամ դեմ։ Դահլիճում կար մի ագրեսիվ մաս, որին ես ուղղակի ստիպված եղա զրկել խոսքի իրավունքից, որովհետեւ նրանք հնարավորություն չէին տալիս այլ կարծիք ունեցողների արտահայտվել։ Առանց ձայն տալու բղավում էին, իրենց կարծիքն էին ասում, որ մենք կործանում ենք մեր երկիրը եւ այլն, եւ այլն։ Այսինքն` երբ քվերակություն կազմակերպեցինք, այն մասսան, որ իրեն հանգիստ էր պահում, կողմ քվեարկեց։
Ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգը բավականին երկար ժամանակ եղել է շրջանառության մեջ` շուրջ 5 տարի, եւ այն իրականացվում է միջազգային կառույցների ֆինանսական, տեխնիկական օժանդակությամբ, որպեսզի մեր կրթական համակարգը համապատասխանի եվրոպական լավագույն ստանդարտներին։ Ո՞րն է այստեղ տրամաբանությունը ավագ դպրոցների ստեղծման։
ՀՀ-ում, ինչպես նաեւ զարգացած եվրոպական երկրներում, հնարավոր չի ապահովել, որ բոլոր միջնակարգ դպրոցները միեւնույն կրթական համակարգի բարձր հնարավորություններն ունենան։ Մենք ունենք շուրջ 1400 միջնակարգ դպրոցներ, որոնք իրարից որակապես են տարբերվում։ Մի բան է համայնքային փոքր դպրոցը, որը մենք այսօր ունենք, որտեղ ութ աշակերտ է, մեկ այլ բան է Երեւանի կենտրոնում խոշոր, հզոր դպրոցը, որն ունի տեխնիկական բացառիկ հնարավորություններ եւ բարձրորակ ուսուցիչներ։
Հասկանալի է, որ այս խնդիրը լուծման կարիք ունի։ Խոշորացման ճանապարհով գնալը վտանգավոր է, քանի որ մենք չենք կարող համայնքներում փակել դպրոցները։ Դա, ընդհանուր առմամբ, վտանգում է այդ համայնքի զարգացումները, բայց մյուս կողմից մենք խնդիր ունենք այդ դպրոցներում ապահովել բարձր որակի կրթություն։
Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրների լուծման եղանակը ավագ դպրոցների ձեւավորումն է։ Մենք, բացի այդ 1400 միջնակարգ դպրոցներից, պետք է ունենանք 150 ավագ դպրոց, եւ այդ դրանք պետք է իրարից չտարբերվեն որակով, իրենց կրթական հնարավորությամբ։ Եվ դա նշանակում է, որ նույնիսկ հեռավոր փոքրիկ համայնքի միջնակարգ դպրոց ավարտած աշակերտները, հետագայում իրենց ուսումը շարունակելով ավագ դպրոցում, ստանալու են բարձր որակի կրթություն։ Այնպիսի որակի կրթություն, որ ավագ դպրոց ավարտելը երաշխավորելու է իրեն, որ նա կընդունվի ցանկացած բուհ։
Ռեֆորմի տրամաբանությունը, որ 5 տարի առաջ սկսվել է ՀՀ-ում, սա է։ Եվ միջազգային փորձը, եւ ՀՀ-ի կարողությունների գնահատականները ցույց են տալիս, որ մենք այլընտրանք չունենք։ Հիմա մեզ անհրաժեշտ է, որ այդ 150 ավագ դպրոցները ՀՀ-ում ձեւավորենք։ Միանգամից անել դա հնարավոր չէր, դրա համար Կառավարությունը 5 տարի առաջ սահմանեց, որ դա պետք է արվի փուլ առ փուլ։ Սկզբից ընտրվեցին 10 դպրոցներ, որոնք պետք է կահավորվեին, պետք է ունենային լաբորատորիաներ, որտեղ պետք է հրավիրվեին բարձր որակի ուսուցիչներ, ներդրվեին այդ մեթոդիկաները, եւ հետագայում այդ ցանկը եւ քանակը պետք է ավելանար, եւ այդ 150 ավագ դպրոցները պետք է ձեւավորվեն։ Մեզ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ես կարծում եմ, որ առնվազն 5 տարի այս ռեֆորմը մեզանից կխլի, որ մենք կարողանանք 150 ավագ դպրոցները ձեւավորել եւ գոհ լինել այն որակից, որ այնտեղ կլինի։












