Արամ Մանուկյանի ափսոսանքը
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել ՀՀՇ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումների համար, որոնք հանգեցրել են այն բանին, որ ակամա վիրավորել են կուսակցական ընկերներին։
«ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է ՀՀՇ 16-րդ համագումարից հետո հնչեցված բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Մասնավորապես առանձին հանդիպումներ ու քննարկումներ են եղել ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների և Կարապետ Ռուբինյանի հետ: Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք»,- նշվում է հայտարարությունում:
ՀՀՇ-ից դուրս գալու մասին վերջերս հայտարարած Կարապետ Ռուբինյանն իր հերթին հայրատարություն է տարածել՝ նշելով որ վերոհիշյալ բացթողումները առիթ են տվել իրեն հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին։
«ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարության հետ տեղի ունեցած քննարկումներով բավարարված եմ և, ամենակարևորը, հավաստիացումներ և փաստարկներ եմ ստացել, որ կատարվածը ոչ թե այլախոհությունը խեղդելու, որևէ մեկին պատժելու միտում է ունեցել, այլ կազմակերպչական բացթողումների հետևանք է: Ցավում եմ, որ այդ բացթողումները առիթ տվեցին ինձ, ինչպես պարզվում է հիմա, հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչի համար հայցում եմ նրա ներողամտությունը: Արամ Մանուկյանի հայտարարությունը ուզում եմ ընկալել որպես ՀՀՇ-ում նոր, ազատական-ժողովրդվարական բարեփոխումների սկիզբ ու բոլոր նախկին կուսակիցներիս անկեղծորեն հաջողություն եմ մաղթում այդ գործում»:












