Առանց հիմքի անտեսել ենք 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքները
Կոսովոյի կարգավիճակի մասին Հաագայի դատարանի որոշմանն անդրադառնալովՙ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանն ասել է, որ որոշման խորհրդակցական նշանակությունը չի կարող նսեմացնել դրա կարեւորությունը:
Տիգրան Թորոսյանը դիտարկել է, թե ցանկացած հարց, առավել եւս հակամարտությունների կարգավորումը ունի մի շարք բաղադրիչներ` քաղաքական, իրավական, պատմական, հոգեբանական եւ այլն: Նրա կարծիքով Հայաստանում մշտապես թերագնահատվել է իրավական բաղադրիչի նշանակությունը, մինչդեռ ղարաբաղյան կարգավորման գործընթացում դա հայերի ամենաուժեղ կռվանն է` ԼՂ ինքնորոշման իրավունքն ու դրա իրացումն անթերի է: Իսկ թե ինչպե՞ս կարող է սա ազդել ԼՂՀ խնդրի կարգավորման վրա:
«Նախադեպը կարեւոր գործոն է, սակայն միջազգային իրավունքի շրջանակներում նորմաստեղծ նշանակություն չունի: Անգամ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման դեպքում, որտեղ միջազգային իրավունքի տեսակետից ամեն ինչ արվել է անթերի, հաջողություն ակնկալելու համար պահանջվում են հսկայածավալ աշխատանք եւ հայկական կողմի ռազմավարության արմատական վերանայում: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ Արդարադատության միջազգային դատարանը, ինչպես որեւէ դատարան, որոշումներ է ընդունում ոչ միայն միջազգային իրավունքի նորմերի, այլեւ կողմերի բերած փաստերի ու փաստարկների հիման վրա… Եթե Հայաստանի Հանրապետությունը լուրջ ակնկալիքներ ունի, որ խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ապա նախ ինքը պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղի շահերը բանակցություններում պետք է ներկայացնի ոչ թե Հայաստանի, այլ ԼՂՀ-ի ներկայացուցիչ: Հակառակ դեպքում հնարավոր չէ հաջողություն ակնկալել` փաստորեն նպաստելով Ադրբեջանի ամրապնդման ուժեղացմանը, որ հակամարտությունը ոչ թե Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ է, այլՙ Ադրբեջանի եւ Հայաստանի: Ավելին, շարունակելով ներկայացնել ԼՂՀ-ն բանակցություններում` Հայաստանի իշխանությունները ամրապնդում են նաեւ Մինսկի խմբի համանախագահների անհեթեթ տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցություններին հիմնական սկզբունքներն ու լուծումները ճշտելուց հետո: Ցավոք, դա միակ սխալը չէ: Մասնավորապես, առանց որեւէ հիմքի հայկական կողմը մի կողմ է դրել 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքները, մինչդեռ Կոսովոն նոր հանրաքվեի չգնաց»,-ասել է Տիգրան Թորոսյանը:
ArmAr.am












