Դիտավանում բացվեց խմելու ջրի նորակառույց համակարգ
Երեւան, 26 հուլիսի 2010թ.: Այսօր` հուլիսի 26-ին, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց Տավուշի մարզի Դիտավան համայնքի խմելու ջրի նորակառույց համակարգը (շուրջ 97 մլն ՀՀ դրամ արժողությամբ): Ծրագիրը հովանավորել են Հիմնադրամի բարերար անդամ արգենտինահայ ամուսիններ Արմէն եւ Նատիա Էքսերճիէանները:
Բացման արարողությանը մասնակցում էին Էքսերճիէան ամուսինները` դուստրերի հետ, Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի երիտասարդական թեւի պատվիրակությունը` փոխատենապետ Ռոսիտա Յուսուֆյանի գլխավորությամբ: Ներկա էին նաեւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, Տավուշի փոխմարզպետներ Վահե Վարդապետյանը, Լեւոն Սարգսյանը, Դիտավան համայնքի ղեկավար Սեյրան Սարգսյանը, եւ համայնքի բնակիչներ:
Նորակառույց համակարգի շնորհիվ շուրջ 120 տնտեսություն ունեցող գյուղն արդեն իսկ ունի շուրջօրյա ջրամատակարարում: Համակարգը բաղկացած է 2.5կմ երկարությամբ ջրագծից, 3.5կմ երկարությամբ ներքին ցանցից, 100մ3 տարողությամբ ջրամբարից եւ երկու կապտաժից:
Արարողությունը սկսվեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանի աղոթքով եւ ջրի օծման արարողությամբ: Հանդիսավոր պայմաններում փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը Էքսերճիէան ամուսիններին շնորհեց ՙՊատվավոր տավուշեցի՚ կոչումը` համայնքի խնդիրներին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
ՙԵրբ առաջին անգամ տիկնոջս հետ այցելեցինք Դիտավան եւ տեսանք, թե ինչքան շատ են խնդիրները, չէինք հավատում, որ հնարավոր է դրանց արագ լուծում տալ: Այսօր համայնքը նոր կյանք է առել՚,- հավաքվածներին ուղղված ողջույնի խոսքում ասաց Արմէն Էքսերճիէանը:
ՙԲարով վայելեք՚,- իր շնորհավորանքի խոսքը եզրափակեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը:
ՙՕրեցօր համայնքում ավելի շոշափելի են դառնում փոփոխությունները. գազիֆիկացումն էապես նվազեցրել է ծառահատումները, իսկ ոռոգման ջրի առկայության պայմաններում հնարավոր է դարձել ավելի մեծ հողատարածքներ մշակել: Համայնքային կենտրոնում էլ հաճախ կազմակերպվում են մշակութային եւ այլ միջոցառումներ՚,- Հիմնադրամին ուղղված իր շնորհակալական խոսքում ասաց Դիտավան համայնքի ղեկավար Սեյրան Սարգսյանը:
Բացման պաշտոնական արարողությունից հետո Հիմնադրամի աշխատակիցները համայնքի գրադարանին փոխանցեցին անհատ բարերարներ Սաֆրազբեկյան ամուսինների նվիրաբերած 415 կտոր գիրքը:
Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում Հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում Դիտավանում լուծվեցին գազի, խմելու եւ ոռոգման ջրի հարցերը, գյուղացիներն ձեռք բերեցին համայնքային կենտրոն, ուր տեղավորված են գյուղապետարանը, բուժկետը,գրադարանը եւ հանդիսասրահը:












