ԼՂՀ վարչապետ.«Պետությունը կօժանդակի միայն բարեխիղճ հողօգտագործողներին»
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների հետ:
Հացահատիկային մշակաբույսերի ավարտվող բերքահավաքի արդյունքների մասին տեղեկատվությամբ հանդես եկավ գյուղնախարար Ա.Ծատրյանը: Նրա փոխանցմամբ՝ հանրապետության շուրջ 46 հազար հեկտար արտերից հնձվել է ավելի քան 38 հազարը: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է ընդամենը 6,8 ցենտներ:
Վարչապետը խորհրդակցության մասնակիցներին ասել է, որ այս տարի հացահատիկային բույսերի ցածր բերքատվությունը համաշխարհային մասշտաբի հիմնախնդիր է, ուստի սպասվում է ցորենի գնի աննախադեպ բարձրացում:
«Հարկ է հացահատիկ արտադրողներին խորհուրդ տալ՝ չշտապել բերքի իրացման հարցում»,- ասել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա.Հարությունյանը::
Խորհրդակցությունում քննարկվել է կարկտահարված դաշտերի սեփականատերերին պետական օժանդակություն ցուցաբերելու հարցը: Վարչապետը գյուղնախարարին հանձնարարեց ստեղծել իր իսկ գլխավորությամբ հանձնաժողով և 20-օրյա ժամկետում ուսումնասիրել տուժած հողատարածքները: Նախատեսվում է հողօգտագործողներին հատկացնել ֆինանսական օժանդակություն:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցության խնդրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ մեծապես խստացվում է վերաբերմունքը, այսուհետ պետությունը կօժանդակի միայն բարեխիղճ հողօգտագործողներին, իսկ աջակցությունը կլինի հասցեական՝ տվյալ տարվա հետ կապված գյուղատնտեսական աշխատանքները ավարտելուց հետո միայն: Առաջիկա աշնանացանի կապակցությամբ նշվել է մասնավորապես, որ վարկավորում կստանան այն հողօգտագործողները, ովքեր մինչև սեպտեմբերի 1-ը կատարած կլինեն առաջին հերկը:
Խորհրդակցությունում անդրադարձ եղավ նաև ՄՏԿ-երի և հողօգտագործողների փոխգործակցությունն արդյունավետ դարձնելու խնդրին:
ArmAr.am












