Պետք է անել հնարավորը, որ այլ պետություններ ճանաչեն ԼՂՀ-ն
Հայտարարություն
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը ողջունում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (Հաագայի դատարան) որոշումը` ճանաչել Կոսովոյի ժողովրդի իրավունքը անկախություն հռչակելու մասին:
Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, անկախության հռչակումը չի հակասում միջազգային այլ ակտերին, եւ հետեւաբար այն չի կարող համարվել անօրինական եւ հակասող միջազգային նորմերին:
Հաագայի դատարանի որոշումը, մեր կարծիքով, վերաբերում է ոչ միայն Կոսովոյին, այլեւ նմանատիպ այլ հակամարտություններին եւ իրենց անկախությունը հռչակած բոլոր, այսպես կոչված, չճանաչված պետություններին: Քանի որ, ի դեպ, դատարանի որոշման մեջ չի ասվում, որ այս որոշումը վերաբերվում է միմիայն Կոսովոյին, ինչը նշանակում է, որ այն վերաբերվում է բոլորին, հետեւաբար, հակառակ ոմանց, նախադեպային է:
Դատարանի այս բացառիկ որոշումը հնարավորություն է տալիս ասել, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդրի շուրջ հայկական կողմը պետք է առաջին հերթին ուշադրությունը դարձնի երրորդ երկրների կողմից նրա ճանաչմանը:
Այսինքն` Ադրբեջանի համառության, անհանդուրժողականության եւ ագրեսիվ պահվածքի պայմաններում հայկական կողմը, նաև օգտագործելով սփյուռքի լոբբիստական հնարավորությունները, պետք է անի հնարավորը այլ պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու համար:
Պարզ է, որ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ անհեռանկարային են, եւ հետեւաբար պաշտոնական Երեւանը պետք է գնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու ճանապարհով` կոչ անելով այլ պետություններին հետեւելու այդ քայլին, քանի որ այդպիսով ապահովվում են ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը և բնականոն զարգացումը:
Արմենական-ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչություն












