«Մի մարդու մահը ողբերգություն է, իսկ միլիոններինը՝ վիճակագրություն»
Վերջերս Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի կայքում տեղադրվել էր Բասիմ Ալ-Ահմադի հոդվածը Հայոց Ցեղասպանության մասին: Թարգմանաբար այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Ով է հիմա հիշու՞մ հայերի մասին», Ադոլֆ Հիտլերի այս հանրահայտ խոսքերը հնչել են 1939 թ. սեպտեմբերի 1-ից առաջ, մինչ Լեհաստան ներխուժելը. այս խոսքերով նա իր գեներալներին խրախուսում էր հրեաների ցեղասպանությունն իրականացնելու համար: Հիտլերի սարսռազդու այս հռետորական հարցի իմաստը պարզ է:
Երիտթուրքերի իրագործած ոճրագործության հետևանքով 1.5 միլիոն հայեր կոտորվեցին: Իրենց հրեշավոր ծրագրով, թուրքերը որոշել էին ֆիզիկապես բնաջնջել Հայաստանն ու էթնիկ զտումների միջոցով միատարր հասարակություն ստեղծել Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա: Սակայն հայ ժողովրդի տասնամյակների ցավը, տառապանքներն ու մշտական հետապնդումները մոռացության էին մատնվել համաշխարհային պատմության ստվերներում: Երբ 1939 թ. նոր պատերազմ սանձազերծվեց, միջազգային հանրության կողմից հայկական ողբերգության անտեսումը, չնայած այդ մասին լիովին իրազեկված լինելուն, Հիտլերի կողմից օգտագործվեց նոր համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանությունը կրկնելու համար:
Երիտթուրքերի կողմից ոչ մի բացառություն չարվեց. «բոլոր հայերը՝ եպիսկոպոսից մինչև վերջին աղքատը, պետք է վերացվեն»: Երիտթուքերի առաջնորդներից մեկը՝ Թալեաթ փաշան 1915 սեպտեմբերի 15-ի իր հեռագրում խիստ ցուցումներ տվեց. ՚վերջ դնել հայերի գոյությանը՝ անկախ տարիքից ու սեռից՝ զերծ մնալով խղճահարությունիցՙ: Հայերի տեղահանությունները սկսվեցին հիմնականում Արևելյան Թուրքիայի շրջաններից դեպի հարավ՝ Միջագետքի և Սիրիայի անապատները:
«Թուրքերը պլանավորել էին հայերին տեղահանել և քշել դեպի հարավ՝ տեղավորելով ճամբարներում, որտեղ սովից ու հիվանդություններից նրանց կործանումն անխուսափելի էր (…) Ես ու մորաքրոջս տղան կարողացանք փախչել, մինչդեռ մեր ընտանիքի մյուս անդամները մնացին այնտեղ, որտեղից էլ նրանց պետք է տեղափոխեին նախատեսված վերջնական վայրը՝ Կոնեիտրա … դժոխային մի վայր խեղճ հայերի համարՙ: Այս հուզիչ խոսքերը մեր ընտանիքի բարեկամի պապիկի՝ Հակոբ Պողոսյանի օրագրից են. փախուստից հետո նա հաստատվել էր Սիրիայում: Նրա ճշմարիտ խոսքերն ու անհատական մոտեցումը Հայոց Ցեղասպանության սարսափելի իրադարձություններին, հնարավորություն են տալիս այդ ընդհանուր վայրագությունները դիտարկել անձնական ողբերգության և տառապանքի տեսանկյունից:
Մարդկության պատմության մեջ իրագործված այս վայրագությունները իրենց հրեշավորության և մասշտաբների պատճառով մարդկային ուղեղը չի կարողանում ընկալել: Ինչպես ժամանակին դաժանորեն Իոսիֆ Ստալինն է ասել. «Մի մարդու մահը ողբերգություն է, իսկ միլիոններինը՝ վիճակագրություն»: Աննա Ֆրանկի օրագիրը, որը 25 մլն տպաքանակով վաճառվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով՝ անձնական ողբերգության տեսակետից ընթերցողներին էլ ավելի է մոտեցնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների կրած տառապանքներին…
Միջազգային հանրության կարեկցանքը Հայոց Ցեղասպանության նկատմամբ բախվում է թուրքական ժխտողականությանը … Թուրք քաղաքական գործիչները եռանդուն կերպով փորձում են ապացուցել իրենց երկրի կարևորությունը Եվրամիության մեջ մտնելու համար, դրա հետ մեկտեղ անտեսելով եվրոպական կառույցի ներկայացրած պահանջներն ու չափանիշները: Սակայն ես լիահույս եմ, որ միջազգային հանրությունն ակնկալում է, որ մարդիկ ընդունակ են ճանաչել իրենց սեփական պատմության մեջ մարդկության դեմ գործած ոճիրը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2009 թ. կեսերին չինական կառավարությանը մեղադրեց իր երկրի Սինցզյան նահանգում ույղուրների հանդեպ իրագործած ցեղասպանության մեջ: «Այլ կարծիք լինել չի կարող. դա ցեղասպանություն էր»,- վստահաբար ասաց նա: Միգուցե նա պետք է հասկանա, որ առաջին հերթին պարտավոր է ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր երկրի իրականացրած ցեղասպանությունը՝ մինչ ուրիշներին մեղադրելը»,- եզրափակում է իր հոդվածը արաբ հոդվածագիրը:
ArmAr.am












