Հակակարկտային 6 կայան ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Արմավիրի մարզի 3 գյուղերում` Քարակերտում, Վանանդում և Ծաղկալանջում, տեղադրվել է հեռահար կառավարմամբ «Զենիթ» հակակարկտային 6 կայան: Այսօր տեղի ունեցավ այդ կայանների բացման պաշտոնական արարողությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` գյուղատնտեսական անհարկի կորստից գյուղացուն պաշտպանելու ծրագրերին աջակցում է 2008 թվականից: Մինչ օրս Արմավիրի մարզի 7 գյուղերում` Քարակերտում, Վանանդում, Ծաղկալանջում, Շենիկում, Այգեշատում, Բերքաշատում և Շենավանում, տեղադրվել է հակակարկտային ընդհանուր առմամբ 15 «Զենիթ» հակակարկտային կայան` շահագործման ընթացքում արձանագրելով կարկուտի դեմ պայքարի 100 տոկոս արդյունավետություն: Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղատնտեսության կարիքների համար տրամադրել է իր մրցակցային առավելություններից մեկը` ընդարձակ ծածկույթ 3G և GPRS/EDGE համակարգերով: Կայանների հեռահար կառավարումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով: Հերթական քայլով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նվազագույնի հասցնել բնության անկանխատեսելիության հետևանքով բերքի անհարկի կորուստը մարզի ևս 3 գյուղերում: Հողի լեզուն հասկանալ ձգտող գյուղացու համար հանկարծահաս կարկուտի հետևանքը, սովորաբար, արտահայտվում է նյութական զգալի վնասի տեսքով: Այժմ, հակակակտային կայանների միջոցով մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության շնորհիվ, Քարակերտ, Վանանդ և Ծաղկալանջ համայնքների մշակովի հողատարածքները պաշտպանված կլինեն կարկուտից: «Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ ներդրված ջանքերը արդյունքի վերածվելու ճանապարհին կարող են ապարդյուն լինել: Բնության քմահաճույքը հողի մշակը հաճախ զգում է իր ընտանիքին հասցված նյութական վնասի տեսքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ այդ վնասը գլոբալ առումով կրում է մեզանից յուրաքանչյուրը, քանի որ տուժում է երկրի տնտեսությունն առհասարակ: Տարատեսակ սոցիալական ծրագրերին աջակցելու մեր որդեգրած ռազմավարությունը բխում է պատասխանատու լինելու մոտեցումից: Ի վերջո, բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք մենք` Հայաստան երկրի համար են»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Զենիթ» հակակարկտային կայաններն ամբողջովին մշակվել և պատրաստվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից օգտագործելով տեղական մտավոր և արտադրական ներուժը:












