Գլխավոր » Լրահոս

Վարչապետը հանդիպել է երիտասարդների հետ

Հուլիս 28, 2010թ. 18:50

Վարչապետ Տիգրան  Սարգսյանն  այսօր կառավարությունում  հանդիպել է  «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։  Հանդիպման նպատակը  «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրով  իրականցվող աշխատանքների քննարկումն էր։

Երեք տասնյակից ավելի երիտասարդներից բաղկացած խումբը ուսումնասիրելով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես և դեղերի մասին ՀՀ օրենքները`   փորձել է բացահայտել այդ  օրենքներում առկա երկիմաստությունները, որոնք կարող են կոռուպցիոն ռիսկերի պատճառ  դառնալ։

Ուսանողների կողմից  բարձրացված տարբեր հարցերի շուրջ  ծավալվել է  շահագրգիռ քննարկում։ Բուհերի անարդյունավետ կառավարում, առողջապահություն, մասնավորապես` դեղերի ոլորտում խնդիրներ, սփյուռքի հետ համագործակցության խթանում և կոռուպցիա. սրանք էին հարցերի  այն շրջանակը, որոնք հետաքրքրում էին երիտասարդներին։ Տիգրան  Սարգսյանը ներկայացրել է դրանց լուծման տարբերակներն ու ընդգծել, որ այդ հարցերի շուրջ երիտասարդների առաջարկներին կառավարությունում անպայման ուշադրություն կդարձնեն։

Առկա խնդիրներն ամբողջությամբ և հանգամանորեն ներկայացնելուց հետո, «Ապագան քոնն է»  ՀԿ անդամները շնորհակալություն են հայտնել  վարչապետին`  բարձրացված հարցերին հետևողականորեն ուշադրություն դարձնելու և դրանք հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամության համար։

Վարչապետի հետ  հանդիպման ժամանակ ներկայացվել են  նաև հիշյալ օրենքների  հետ կապված դիտարկումներ և առաջարկություններ, որոնք  ավարտուն տեսքի կբերվեն օգոստոսի 24-27-ը կազմակերպվելիք  հակակոռուպցիոն եռօրյա ճամբարի ընթացքում և կներկայացվեն կառավարությանը։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն