Ներկայացվել է ընդունելության կարգի 105 կետ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 28-ին կայացել է ՀՀ պետական բուհերի 2010թվականի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ ԿԳ նախարար, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության կարգի 108 կետը, համաձայն որի` առանց ընդունելության քննությունների, Հայաստանի կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, բուհ են ընդունվում` միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:
Պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ տվյալ արտոնությունից օգտվել կարող են 17 դիմորդ, որի 15-ը դիմել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետներ:
Հանձնաժողովը միաձայն հաստատեց ներկայացված ցուցակը:
Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության կարգի 105 կետը, համաձայն որի քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են` Հայաստանի Հանարապետության պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողների երեխաները, ժամկետային ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
Պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ տվյալ արտոնությունից օգտվել կարող են 71 դիմորդ:
Հանձնաժողովը քննարկել է նաև թափուր տեղերի վերբաշխման հետ կապված մոտեցումները: Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել մրցութային պատկերը և հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ վերաբաշխման վերաբերյալ` հաշվի առնելով մարզերում գործող բուհերի առանձնահատկությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:












