Գլխավոր » Regions, Լրահոս, Հարցազրույցներ

«Թուրքիան արդեն համակերպվել է, որ Իրաքի հյուսիսում գոյություն ունի ինքնավար Քուրդիստան»

Հուլիս 29, 2010թ. 12:30

SafrastyanՀրացազրույց  ՀՀ ԳԱԱ արեւելագիտության
ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն  ՍԱՖՐԱՍՏՅԱՆի հետ

Որո՞նք են Թուրքիայի այսօրվա քաղաքական կյանքի առանձնահատկությունները:
-Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի ներկա փուլի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ բարձրագույն զինվորականությունը, ըստ էության, “դե ֆակտո” զրկվել է կառավարության գործողության որոշումների վրա ներազդելու հնարավորությունից: Սա նոր երեւույթ է Թուրքիայի քաղաքական կյանքում, որն ի հայտ է եկել վերջին 1-2 տարիներին: Նույնիսկ քրեական մեղադրանքներ են ներկայացված թուրք այնպիսի բարձրաստիճան սպաների դեմ, ովքեր իրենց “մեծ ներդրումն” են ունեցել քուրդ գրոհայինների դեմ պայքարում:
Երկրորդ գործոնը քրդական շարժման ակտիվացումն է, որն ունի ոչ միայն ներքին, այլ նաեւ տարածաշրջանային պատճառներ. նախ` Հյուսիսային Իրաքում գոյություն ունի քրդական ինքնավարություն, երկրորդ` ամերիկյան զորքերը դուրս են բերվում Իրաքից: Իրենց ակտիվությամբ քուրդ ապստամբները հիմնականում PKK-ի ղեկավարության ներքո փորձում են մեծացնել ինքնավարությունը հետագայում անկախ պետականություն դարձնելու հնարավորությունները:
Թուրքիայում ընթացող գործընթացների երրորդ առանձնահատկությունը պայմանավորված է տնտեսական գործոնով: Վերջին տարիներին Թուրքիայի տնտեսական աճը շատ բարձր է եղել: Նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Թուրքիան կարծես թե կարողացավ արագ հաղթահարել ստեղծված իրավիճակը: Տեղի ունեցավ տնտեսության հետագա ազատականացում “Արդարություն եւ զարգացում” կուսակցության իշխանության շրջանում, ինչն էլ նպաստեց տնտեսական աճի բարձր տեմպերին:
Չորրորդ առանձնահատկությունը պայմանավորված է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխությամբ. ավելի մեծ նշանակություն է ստանում Թուրքիայի` Մերձավոր եւ Միջինարեւելյան քաղաքականությունը, որը նպատակաուղղված է այդ տարածաշրջանում Թուրքիայի նշանակությունը մեծացնելուն: Հատկանշական է, որ այս շեշտադրումների փոփոխությունները շատ արագ ու ագրեսիվ են տեղի ունենում: Որոշ դիտարկումներ թույլ են տալիս եզրակացնելու, որ Թուրքիայի` հատկապես վերջին մեկ տարվա արտաքին քաղաքականությունը ձեռք է բերում բավականին արկածախնդրային ուղղվածություն: Թուրքիան փորձում է արագ հասնել աշխարհաքաղաքական փոփոխությունների, ինչն էլ հանգեցնում է այնպիսի սրացումների, ինչպես օրինակ Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում:
Այս համատեքստում պետք է ճիշտ գնահատել եւս մի կարեւոր հանգամանք. Թուրքիան կարողացավ նաեւ Բրազիլիային ներգրավել Իրանի հետ եռակողմ համաձայնության մեջ, որը մեկուսացրեց Թուրքիան Արեւմտյան աշխարհից:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարած “զրո խնդիր հարեւանների հետ” քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես խնդիրների խորացում հարեւանների եւ ընդհանրապես աշխարհի հետ:

-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Սրա հիմքում ընկած էր այն, որ Թուրքիան վերջին տարիներին տնտեսապես արագ զարգացել է, մեծ ռազմական պոտենցիալ ունի, եւ փորձում է այս ամենը տեղափոխել արտաքին քաղաքական դաշտ: Եվ դա ոչ թե զգուշորեն ու դանդաղ է իրականացնում, ինչպես կարելի էր սպասել, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը հանրապետության շրջանում եղել է շատ զգուշավոր, այլ փորձում է իրականացնել շատ ակտիվ ու ագրեսիվ կերպով:

Թուրք-քրդական լարվածությունն առավել պայթյունավտանգ է դառնում: Հաճախակի են դարձել թուրք զինվորականների ու քուրդ զինյալների միջեւ զինված բախումներն ու զանգվածային անկարգությունները: Ի՞նչ գործընթացի հետ գործ ունենք, ու մինչեւ ո՞ւր կարող է այն հասնել:
-Բավականին բարդ հարց է: Անհրաժեշտ է շատ լուրջ ուսումնասիրել այդ իրադարձությունները: Թուրքիայում, բացի քեմալիզմից, մենք ականատես ենք եղել երկու հիմնական ուղղությունների`իսլամամետության եւ ազգայնամոլության: Հաշվի առնելով եղած փորձը` մեծ զգուշավորությամբ կարելի է ասել, որ ապագայում մենք կարող ենք ականատես լինել նրան, որ քեմալականները դաշինքի գնան ծայրահեղ ազգայնականների եւ պանթուրքիստների հետ: Չի կարելի բացառել, որ կարող են կրկնվել 1955 թ. սեպտեմբերի դեպքերը, որոնք, թեեւ ուղղված էին հույների դեմ, սակայն անմասն չմնացին նաեւ հայերը: Այս պարագայում այն կարող է ուղղվել քրդերի դեմ, սակայն հնարավոր է, որ հայերի դեմ եւս ուղղվի, եթե օրինակ դեպքերը տեղափոխվեն Ստամբուլ:

-Զինվորական հեղաշրջումները նորություն չեն Թուրքիայի պատմության համար: Վերջերս էլ Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացնում “Մեծ մուրճ” կոչվող ծրագիրը, որի համաձայն` զինվորականները փորձում են տապալել իշխող կուսակցությունը: Սակայն, կարելի է ասել, Էրդողանի կուսակցությունը դեռ դիմադրում է. ձերբակալվում են բանակի գեներալներ, հարյուրավոր կասկածյալներ: Ո՞ւր կարող է հասնել այս գործընթացը` հաշվի առնելով հաջորդ տարի նախանշված խորհրդարանական ընտրությունները:
-“Արդարություն եւ զարգացում” կուսակցությունը (ԱԶԿ) իրեն երկընտրանք ներկայացնող որեւէ հակառակորդ չունի: Քեմալական ուժերը Թուրքիայում, որոնք կենտրոնանում են հիմնականում “Ժողովրդա-հանրապետական” կուսակցության շուրջը, համենայն դեպս, մինչեւ հիմա չեն կարողանում ստեղծել լուրջ երկընտրանք իսլամականներին` ԱԶԿ-ին: Սա պայմանավորված է նաեւ տնտեսական հանգամանքով, եւ, բացի այդ, ԱԶԿ-ն վարում է շատ ճարպիկ ներքին քաղաքականություն: Մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աչքի է ընկնում խարիզմատիկ հատկություններով եւ մեծ վստահություն ունի երկրում:
ԱԶԿ-ն կարողացավ այս տարիների ընթացքում ստեղծել իր տնտեսական հենարանը: Թուրքիայի տնտեսական ոլորտում գոյություն ունի այնպիսի մի երեւույթ, որը կոչվում է “տնտեսության մուսուլմանական սեկտոր”, որն այսպես ասած սպասարկում է իշխող կուսակցության տնտեսական պահանջները: Թուրքիայում կան գործարարների մի քանի միություններ, որոնցից մեկն էլ իսլամամետ հայացքներ ունեցող “մուսուլման գործարարների միությունն է”, որի կազմում մի քանի հարյուր գործարար է ընդգրկված:

Քրդական շարժման ակտիվացումը Դուք կապո՞ւմ եք զինվորականների գործողությունների հետ:
-Ո՛չ: Քրդական շարժումը բավական բարդ երեւույթ է: Ես ավելի շատ այն արտաքին գործոնների հետ եմ կապում:

-Շատ փորձագետներ, ինչպես նաեւ քաղաքական ուժեր կարծիք են հայտնում, որ քրդական գործոնի ակտիվացումը կապված էր թուրք-իսրայելական հակամարտության հետ: Դուք ի՞նչ կապ եք տեսնում այս երկու գործընթացների միջեւ:
-Այո՛, ենթադրվում է, որ քրդական գործոնի ակտիվացումը կապված է Իսրայելի հետ: Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման պայմաններում Իսրայելը որոշակի գործողությունների է դիմել: Իհարկե, շատ դժվար է այդ մասին հստակ ասել, բայց ամեն դեպքում այդ կարծիքը կա:
Մամուլի հրապարակումները ցույց են տալիս, որ Իսրայելը որոշակի կապեր ունի քրդական կուսակցությունների ու կազմակերպությունների հետ եւ աջակցել է նրանց մասնավորապես այն հարցում, որ Հյուսիսային Քուրդիստանում ստեղծվի քրդական “նախապետական կառուցվածք”` ինքնավարության տեսքով: Չնայած տեսակետները տարբերն են, բայց որոշ տեսաբաններ կարծում են, որ քրդական շարժման ակտիվացումն ու թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը փոխկապակցված են: Իհարկե, այս հանգամանքը պետք է հաշվի առնել:

Չնայած Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններում առկա որոշակի լարվածությանը` կողմերը, այսպես ասած, փորձում են կարգավորել հարաբերություններն ու վերականգնել փոխադարձ վստահությունը, օրինակ` Իսրայելը որոշել է ազատ արձակել թուրքական նավերը եւ այլն: Ինչպե՞ս կգնահատեք թուրք-իսրայելական այսօրվա հարաբերությունները:
-Երկու պետություններն էլ, այսպես թե այնպես, պետք է համագործակցեն, քանի որ Մերձավոր Արեւելքում օբյեկտիվորեն նրանք պետք է դաշնակիցներ լինեն: Թուրքիայի նախաձեռնությունն է, որ հարաբերությունները վատթարանում են, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը նպատակ ունի տարածաշրջանում Թուրքիան դարձնել այսպես ասած կարեւոր կենտրոններից մեկը, որի համար Թուրքիան պետք է բարելավի իր հարաբերություններն արաբական աշխարհի եւ առհասարակ իսլամական աշխարհի հետ, ինչն իր հերթին հնարավոր է Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացնելով:
Չեմ կարծում, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը կհանգեցնի այս երկու երկրների միջեւ թշնամական հարաբերությունների: Դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ոչ միայն կպահպանվեն, այլ նաեւ համագործակցությունը շարունակելու հաջողված փորձեր կիրականացվեն: Իհարկե չեն լինի այնպիսի ջերմ հարաբերություններ, ինչպես մի քանի տարի առաջ էին, սակայն ամեն դեպքում համագործակցությունը մասնավորապես ռազմական ոլորտում կշարունակվի: Այս հարցում երկու կողմն էլ շահագրգռված է: Թուրքիան Իսրայելից ստանում է ռազմական այնպիսի տեխնիկա, որը նրան նույնիսկ Միացյալ Նահանգները չի վաճառում: Իսկ Իսրայելն այդ գործարքից մեծ եկամուտներ է ստանում: Որոշ տվյալների համաձայն` մեկ տարվա մեջ նմանատիպ “չերեւացող համագործակցությունը” Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հասել է մեկ միլիարդ դոլարի:

-Վերադառնանք քրդական խնդրին: Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրառեց “Քուրդիստան” բառը: Սակայն մինչ օրս պաշտոնական Անկարան միշտ խուսափել է այն կիրառել եւ Քրդստանի համար գործածել է “Հյուսիսային Իրաք”, “Իրաքի հյուսիսային հատված” “Իրաքի քրդական հատված” եւ նման այլ արտահայտություններ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Անկարայի այս քայլը:
-Եթե այս քայլը դիտարկենք որպես քրդական հարցի նկատմամբ ԱԶԿ-ի քաղաքական ոլորտի գործողություն, ապա կարելի է ասել, որ քեմալականների համեմատ, իշխող կուսակցության քաղաքականությունը որոշակի ճկունություն է ձեռք բերում: Մինչեւ հիմա թուրքերը քրդական հարցը փորձում էին լուծել միայն ուժի կիրառմամբ: ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո քաղաքական վերնախավը իր համար մանեւրելու տեղ է թողնում: Եթե առավել ընդհանուր գնահատական տանք, ապա հարկ է նշել, որ Թուրքիան արդեն համակերպվել է այն հանգամանքի հետ, որ Իրաքի հյուսիսում գոյություն ունի ինքնավար Քուրդիստան: Բացի այդ` Թուրքիան բավական մեծ տնտեսական կապեր ունի այդ կազմավորման հետ: Մյուս կողմից պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր հանգամանք եւս. Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ կազմավորումը ինքնուրույն պետություն չդառնա:
“Քուրդիստան” բառն օգտագործել նշանակում է ընտրել չարյաց փոքրագույնը: Նման կերպ թուրքական իշխանությունները փորձում են խուսափել “ամենակարեւոր վտանգից”:

Պարո՛ն Սաֆրաստյան, անդրադառնանք կիպրական խնդրին: Հաագայի դատարանը որոշում ընդունեց, որ Կոսովոյի անկախությունը լեգիտիմ է: Այս որոշումը որոշակի փոփոխություններ մտցրե՞ց թուրքական տրամադրություններում կիպրական խնդրի կարգավորման հեռանկարի հարցում:
-Նախ աշխարհի դիրքորոշումը կիպրական խնդրի հարցում չի փոխվել: Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության անդամ է: Այն ԵՄ-ի կողմից դիտարկվում է ոչ թե դուալիստական պետություն, այլ պետություն, որն ունի ինքնավար հատված: Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ Հաագայի որոշումը կիպրական խնդրի վրա չի կարող ազդեցություն ունենալ:

Թուրքիայի այս քաղաքական խմորումներում ի՞նչ տեղ է զբաղեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
-Ընդհանուր առմամբ, Թուրքիայի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ վերջին ամիսների ընթացքում կարծես թե նվազում է:

-Ինչի՞ հետ է դա պայմանավորված:
-2006 թ.-ից սկսած` ԱԶԿ շրջանում նոր քաղաքական գիծ էր մշակել Հարավային Կովկասում, որի նպատակն է պառակտել այն: Հարավային Կովկասը ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի կողմից ավանդաբար ընդհանրություն է դիտարկվում: Նույնն էլ Թուրքիայի մոտեցումն էր: Սակայն վերջինս համոզվեց, որ չի կարող իր ազդեցությունը տարածել ողջ Հարավային Կովկասում:
Թուրքիան Ադրբեջանի հետ ունի հատուկ հարաբերություններ, իսկ Վրաստանը ցանկանում է շատ սերտ համագործակցել Արեւմուտքի հետ, մասնավորապես ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցել, իսկ դա հնարավոր է, եթե Թուրքիան իր համաձայնությունը տա (ՆԱՏՕ-ին անդամակցությունը կոնսենսուսով է որոշվում): Հաշվի առնելով այս ամենը` Թուրքիան փորձեց Ադրբեջանն ու Վրաստանը ներգրավել իր քաղաքականության ոլորտ` ստեղծելով Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցք, որի հիմքը պետք է կազմեին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, իսկ հետագա տնտեսական հիմքը պետք է կազմեին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, Թուրքիայի տնտեսական եւ ֆինանսական ներգրավումը Ադրբեջանում ու Վրաստանում եւ այլն: Նույնիսկ ծրագիր կար, որ համատեղ զինվորական ջոկատներ էին ստեղծվելու` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգությունն ապահովելու համար, ինչը, իհարկե, Միացյալ Նահանգները թույլ չտվեց:
2008 թվականը, սակայն, իրադրությունը փոխեց եւ մեր տարածաշրջանի պատմության մեջ մտավ որպես “ջրբաժան” առաջացնող տարեթիվ: Վրաստանը` որպես Թուրքիայի գործընկեր, իր նշանակությունը կորցրեց, եւ աշխարհաքաղաքական առումով Վրաստանը շատ թուլացավ` կորցնելով իր տարածքային ամբողջականությունը: Դրանից հետո Թուրքիան գնաց Հայաստանի հետ բանակցությունների եւ ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն արձանագրությունների հարցում Թուրքիան փորձեց ինչ-որ համաձայնությունների հասնել նաեւ ԱՄՆ-ի հետ, ուստի արձանագրությունները կյանքի չկոչվեցին: Հաշվի առնելով այն, որ հնարավոր չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել այնպես, ինչպես ինքն է ցանկանում` Թուրքիան վերջին մի քանի ամիսների ընթացքում իր ակտիվությունը Հարավային Կովկասում թուլացրել է:
Թուրքիան համակերպվել է այն հանգամանքի հետ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը հիմա ուժեղ են, որ հնարավորություն չունի Վրաստանի միջոցով Ադրբեջանի հետ կապ հաստատել եւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը ստեղծել: Կարծում եմ, որ մոտակա շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Թուրքիայից քայլեր սպասելն անիմաստ է:

-Այս դեպքում կարելի՞ է ասել` “մոռանալ արձանագրությունները”:
-Ո՛չ, եւ պատահական չէ, որ հայ-թուրքական արձանագրությունները սառեցված են:

-Իսկ ժամկետներ կարո՞ղ եք նշել, թե երբ կարելի է, այսպես ասած, վերակենդանացնել գործընթացը:
-Չեմ կարծում, որ հիմա հնարավոր է որոշակի ժամկետներ ասել: Դա փոխկապակցված կլինի աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ, գուցե մեր տարածաշրջանում:

-Իսկ մեր տարածաշրջանում ի՞նչ հնարավոր տեղաշարժերի մասին կարող է խոսք լինել:
-Մեր տարածաշրջանում տեղի ունեցող հնարավոր իրադարձություններից ամենակարեւորը Իրանի դեմ ռազմական գործողություններ են, եւ մի փոքր ավելի ուշ Հյուսիսային Իրաքում քրդական պետություն ստեղծելու փորձերը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա չեմ բացառում, որ մոտ ապագայում Արեւմուտքը Իսրայելի հետ ռազմական գործողություն կիրականացնի Իրանի դեմ: Այս պայմաններում չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է օգտվել այն հանգամանքից, որ ուշադրությունը կենտրոնացած կլինի Իրանի վրա, եւ փորձի ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

-“Մոտ ապագա” ասվածը կարո՞ղ եք կոնկրետացնել:
-Եթե հաշվի առնենք, որ կան վերլուծություններ, որոնք փաստում են, որ Իրանը 2-3 տարվա ընթացքում կարող է ունենալ միջուկային վառելիքի այնպիսի մակարդակ, որը կարող է օգտագործել միջուկային զենքի համար, կարծում եմ` սա այն ժամկետն է, որ դրված է այդ խնդիրը լուծելու համար:

-Երկուսի դեպքում էլ մենք ունեք լուրջ մարտահրավերներ: Որո՞նք են մեր անելիքները:
-Ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նման պետությունները կարողանան արագ կողմնորոշվել ֆորսմաժորային իրադրություններում: Կարծես թե մեր դիվանագիտությունն այդ փորձը ձեռք բերեց 2008 թ.-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Մենք կարողացանք ճիշտ գործել, որի արդյունքում մենք ոչ միայն չկորցրինք Ռուսաստանին` մեր ռազմավարական դաշնակցին, այլեւ խորացրինք համագործակցությունը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ: Մենք կարողացանք պահպանել հարաբերությունները Վրաստանի հետ: Բացի այդ` մենք կարողացանք հմուտ դիվանագիտություն վարել եւ ապահովել Արեւմուտքի օգնությունը Հայաստանին: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարողանում ենք օգտագործել մեր երկրի շահերի համար եւ այլն:
Նույնը պետք է անել այս պարագայում: Այնպես որ ե՛ւ մեր դիվանագիտությունը, ե՛ւ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն:

Հարցազրույցը վարեց` Տիգրան Պետրոսյանը, armedia.am


Դիտել Regions, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն