«Վոյաժ» տաքսի ծառայությունը Պետեկամուտների կոմիտեի նշանառության տակ
ՊԵԿ-Ը ԶԲԱՂՎՈՒՄ Է ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՎ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում այս անգամ Վոյաժ տաքսի ծառայությունն էր: Ստացված օպերատիվ տեղեկությունների հետքերով գնացած վարչության աշխատակիցները պարզել են, որ տաքսի ծառայությունը գործում է` առանց համապատասխան ելակետային տվյալների վերաբերյալ հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացնելու:
Նաև պարզ է դարձել, որ Խորհրդայինի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված Սամվել-Աշոտ ՍՊԸ-ն դեռևս 2009թ.-ի հունվարին էր հայտարարություն ներկայացրել հարկային մարմիններին` իրենց պատկանող Վոյաժ տաքսի ծառայության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Այնինչ շատ կարճ ժամանակ անց` նույն տարվա փետրվարի 1-ից առ այսօր տաքսի ծառայությունը Վոյաժ անվան տակ տարբեր ժամանակահատվածներում շահագործել է Գազ-31 մակնիշի ավտոմեքենաներ և այդ մասին հարկային մարմիններին ելակետային տվյալների վերաբերյալ որևէ հայտարարություն չի ներկայացրել: Գործի առնչությամբ սկսվել է վարչական վարույթ, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:












