«Դա սառը ջուր էր ադրբեջանցիների տաք գլխի համար»
«Արցախցի մի պաշտոնյա ինձ ասեց, ոչ թորքից ենք վախենում, ոչ էլ ՆԱՏՕ–ից, մենք ձեզանից ենք վախենում, հանկարծ դուք մեզ ինչ–որ շարժառիթների հետևանքով չլքեք, չթողնեք Ադրբեջանի կազմում»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։ Ապա հանդես եկել մի ուշագրավ առաջարկությամբ։ Նա Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առաջարկեց դիմել «բարեկիրթ ապահարզանի», այսպես. Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից և դրանով իսկ Արցախի Հանրապետությանն ու Ադրբեջանին թույլ տալով սեփական ուժերով լուծել խնդիրը։
«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա գործընթացից, ու Արցախը թող լեզու գտնի ադրբեջանաբնակների հետ, եթե գտնեն գոյատևելու լեզու, Հայաստանը կողմ կլինի և կդիմեն «բարեկիրթ ապահարզանի», երբ երկար տարիներ միասին ապրող զույգը մի օր որոշում է բաժանվել, որոշում են՝ գույքը ոնց պետք է բաժանեն»,– պարզաբանեց սոցիոլոգը։
Իսկ նման քայլը վտանգներով հղի չէ՞, ըստ սոցիոլոգի` ոչ, քանի դեռ Ղարաբաղում են հայկական զինված ուժերը։ Ի դեպ, Ադիբեկյանի համոզմամբ, եթե հիշյալ լուծման առնչությամբ ղարաբաղցիների շրջանում հարցում արվի, 90 տոկոսը կհամաձայնի իր նշած տարբերակին։
Խոսելով Հաագայի դատարանի կոմից Կոսովոյի անկախության մասին ընդունված որոշման մասին, Ադիբեկյանն ասել է. «Ինչ որոշում էլ կայացներ Հաագայի միջազգային դատարանը, միևնույն է, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի համար մենք պետք է շարունակեինք պայքարել։ Սա ուղղակի, ինչպես ասում են, “мелочь, но приятно”, այսինքն՝ ինչ–որ մի նախադեպ կա, գոնե բարոյական ինչ–որ շարժառիթ կա, որ մենք շարունակենք այդ պայքարը»:
Ադիբեկյանը միաժամանակ ներկայացրեց Արցախի խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցկացված սոցհարցման արդյունքները, որոնց համաձայն, արցախցիների 85 տոկոսը ուզում է Արցախը անկախ տեսնել, 15 տոկոսը կասկածում է Արցախի անկախությանը, և միայն 0,1 տոկոսն է, որ ցանկանում է՝ Ղարաբաղը միանա Ադրբեջանին. վերջիններս, ըստ Ադիբեկյանի, «կամ պաշտոն են կորցրել, կամ էլ կիսահայ են»։
Ադիբեկյանը հղում արեց նաև ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանում արված մի հետազոտության, ըստ որի՝ ադրբեջանցիների կեսից պակասն է հավատում, որ Ադրբեջանին կհաջողվի հետ ստանալ Ղարաբաղը։ «ԱՄՆ–ի հետազոտությունը սառը ջուր էր ադրբեջանցիների տաք գլխի համար»,–եզրափակեց «Սոցիոմետրի» ղեկավարը։












