Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 10-15-ը «Իմ հայրենիքը» խորագրի ներքո Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի տարբեր գաղթօջախներից ժամանած շուրջ 30 երիտասարդներ կմասնակցեն պատմական Տիգրանակերտի հնագիտական պեղումներին:
«Մեր կարծիքով, այս նախաձեռնությունը մեկ անգամ եւս կնպաստի Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, իսկ նման ծրագրերը շարունակական կլինեն»,- ասել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Տիգրան Աթանեսյան:
Նա նկատել է, թե ծրագրով նախատեսված է երիտասարդների համար ճանաչողական արշավներ կազմակերպել Արցախի պատմամշակութային հուշարձաններ` Ամարասի, Գանձասարի եւ Գտչավանքի եկեղեցական համալիրներ, ինչպես նաեւ Շուշի բերդաքաղաք: Նրա տեղեկացմամբ, ծրագիրը նվիրված է հայոց արքայից արքա Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին:














