Եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի կբախվի հայ-ռուսական ուժերին
Այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, թե. «Զարմանում եմ, որ Հայաստանում գտնվեցին ուժեր, որ նշում էին` Կոսովոյի ճանաչումը չի կարող ազդեցություն ունենալ Ղարաբաղի վրա”:
Սաֆարյանի խոսքով, Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը լուրջ բեկում է միջազգային իրավունքի սկզբունքերի հարցում: Հայաստանը պետք է համարձակ փորձի այս որոշումը կիրառման հասցնել ղարաբաղյան հակամարտությունում:
Խոսելով պատերազմի հավանականության մասին, Սաֆարյանն ասել է, որ Ադրբեջանը հակված է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, սակայն վերջինս հայտնվել է իր իսկ սարքած ծուղակի մեջ.«Քանի որ Ադրբեջանը հակամարտությունը ներկայացնում է որպես հայ-ադրբեջանական, ապա պետք է պատերազմ հայտարարի Հայաստանին, իսկ այդ պարագայում ՀԱՊԿ կանոնադրության համաձայն պետք է միջամտի նաև Ռուսաստանը, և Ադրբեջանը կբախվի հայ-ռուսական, գուցե նաև ավելի լայն պաշտպանությանը: Ադրբեջանը ստիպված կլինի ավելի ուժեղ սպառազինվել, քան Ռուսաստանը, ասել է Ստեփան Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Սաֆարյանն ասել է, որ այն կօգտվի առիթից և կփորձի մեծացնել տարածաշրջանի կախվածությունն իրենից: Ռուսաստանը փորձում է նաև հավասարակշռություն պահպանել` մի կողմից զենք վաճառելով Ադրբեջանին, մյուս կողմից` թարմացնելով ռազմական պայմանագրերը Հայաստանի հետ:
Ս. Սաֆարյանը, խոսելով խորհրդարանական ապագա ընտրություններին «Ժառանգության» հնարավորությունների մասին, ասել է, թե կուսակցությունն ունի այնքան վստահություն, որ կհաղթահարի անհրաժեշտ շեմը: Պատգամավորը համոզված է, որ 2 տարի անց Ժառանգության էլեկտորատն ավելի մեծ է լինելու: «Ժառանգությունն իր խնդիրը լուծել է հազար անգամ պակաս ռեսուրս օգտագործելով, քան շատ այլ կուսակցություններ: Մեր հաջողությունը ապահովված կլինի, եթե քարոզարշավն էլ ճիշտ կազմակերպենք»,- ասել է Ստեփան Սաֆարյանը












